Մանդատները հասան իրենց տերերին

հունվարի 10, 2019

Հունվարի 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում հանդիսավոր պայմաններում վկայականներ հանձնվեցին 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին: 2011 թվականից ԿԸՀ-ն նախագահող Տիգրան Մուկուչյանը Parliamentmonitoring.am-ին ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքային պայմանները նման միջոցառում անցկացնելու համար բավարար չէին, դրա համար էլ հարցը քննարկել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Ընտրական համակարգերի միջազգային հաստատության /IFES/ հայաստանյան մասնաճյուղի հետ, ու որոշվել է միջոցառումը կազմակերպել Օպերայի և բալետի թատրոնում: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը նաև ֆինանսավորել է միջոցառումը:

ԿԸՀ-ի նորարարությունը

Հիմնից ու ԿԸՀ նախագահի շնորհավորանքից հետո բեմ բարձրացավ 103-ամյա Բավական տատիկը, որը դեկտեմբերի 9-ի ընտրություններին մասնակցած ամենատարեց ընտրողն էր: Պատգամավորական առաջին մանդատը նա հանձնեց Գուրգեն Բաղդասարյանին՝ «Լուսավոր Հայաստան»-ից: Դեկտեմբերի 9-ին առաջին անգամ ընտրելու իրավունք ստացած 18-ամյա Արշալույս Աբրահամյանն էլ մանդատ հանձնեց Գևորգ Գորգիսյանին՝ դարձյալ ԼՀԿ-ից: Պատահականության սկզբունքով 13 ընտրատարածքներից ընտրված 28 ընտրողները հրավիրվել էին Օպերայի և բալետի թատրոն՝ մանդատներ հանձնելու: Սա այս միջոցառման կարևոր նորությունն էր. նախկինում մանդատները պատգամավորներին հանձնել է ԿԸՀ նախագահը: Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ այս եղանակով փորձել են որոշակի սիմվոլիզմ հաղորդել արարողությանը:

Նոր խորհրդարանի առաջին նիստը՝ հունվարի 14-ին

7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կհրավիրվի հունվարի 14-ին, և հենց այդ օրը նոր խորհրդարանը կանցնի իր լիազորություններին: Առաջին նիստում պատգամավորները ընտրելու են ԱԺ նախագահ, փոխնախագահներ։ Հայտնի է, որ «Իմ քայլը» դաշինքը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու է Արարատ Միրզոյանի, իսկ երկու փոխնախագահների պաշտոններում՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները։ Ձևավորվելու են մշտական հանձնաժողովները, և ընտրվելու են հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները:

Նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների մեկնարկի հետ կլուծվի վարչապետի  նշանակման հարցը: Այս անգամ ԱԺ-ն վարչապետ չի ընտրի, օրենքի համաձայն ՀՀ նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Սահմանադրության 150-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետի նշանակումից հետո 15-օրյա ժամկետում կկազմավորվի կառավարություն, իսկ հաջորդ 20 օրում նոր կառավարությունը կներկայացնի իր գործունեության ծրագիրը: Դրանից հետո 24 ժամվա ընթացքում ԱԺ նախագահը հայտարարում է հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը և ժամը: Կառավարության ծրագրի հաստատումից հետո ԱԺ առաջին նստաշրջանը համարվում է ավարտված:

Առայժմ հայտնի չէ՝ գործադիրը Կառավարության կառուցվածքի մասին օրենքում նախատեսած փոփոխությունները ԱԺ կներկայացնի հենց առաջի՞ն նիստի ժամանակ, թե՞ավելիուշ։ Կառուցվածքային այդ փոփոխությամբ նախատեսվում է նախարարությունների թիվը կրճատել 5-ով։ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում սուպեր վարչապետության համակարգի թուլացմանը, կարծիք է հայտնել, որ ԱԱԾ-ն պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ Ոստիկանության հարցը կարելի է քննարկել: