Քաղաքական հանդիսություն՝ ազգային թատրոնում

հունվարի 9, 2019

Հունվարի 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում տեղի է ունենալու քաղաքական հանդիսություն: Այստեղ պատգամավորի իրենց վկայականներն են ստանալու դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով պատգամավոր ընտրվածները: Սա այն դեպքն է, երբ շատ կարևոր չի լինելու, թե որքան գումար է ծախսվելու. տեղի ընտրությունը միայն բավական է՝ արձանագրելու համար, որ նոր իշխանությունը որոշել է հանդիսավորություն հաղորդել և հատուկ արարողություն դարձնել ընդամենը պատգամավորի վկայական ստանալու միջոցառումը:

Եթե չլինի մեծ ցանկություն, վկայականների հանձնումը կարելի է կազմակերպել առանց մեծ ծախսերի. ընդամենը մրգի սեղան, շամպայն, կոնյակ, ծաղիկներ` կանանց, և լարային կվարտետ, ինչպես եղավ 2017-ի մայիսի 5-ին, Կառավարության ընդունելությունների տանը, երբ մանդատներ էին ստանում նախորդ՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները: Ի դեպ, դա առաջին անգամն էր, երբ պատգամավորության վկայականները տրվեցին ԿԸՀ-ի շենքից դուրս: Այն ժամանակ ԿԸՀ-ից դուրս վկայականների հանձնումը կազմակերպելու հարցը առանձնապես քննարկման առարկա էլ չդարձավ, թերևս այն պատճառով, որ ընդունելությունների տանը նաև քաղաքական-պետական միջոցառումներ էին կազմակերպվում:

Մանդատներ հանձնելու միջոցառումը սովորաբար անցկացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում՝ որպես եզրափակում ընտրական գործընթացի, որն սկսվում է նույն ԿԸՀ-ից: Հիմա նոր իշխանությունը որոշել է այս միջոցառումը տանել թատրոն՝ իր վրա վերցնելով մեծ պատասխանատվություն՝ ամեն բան անել այնպես, որ միջոցառումը թատրոնի չվերածվի կամ՝ որ հնարավորինս քիչ առիթներ լինեն՝ այն թատրոնի հետ համեմատելու:

Հրաժարավո՞ւմ են ԿԸՀ-ից

Կառավարության ընդունելությունների տունը այսօր դարձել է նախագահի նստավայր, ու դատելով համացանցի պարզաբանումներից՝ ընտրություն չի մնացել իշխանության ներկայացուցիչներին՝ մանդատների հանձնումը պիտի լիներ կամ կառավարության ընդունելությունների տանը, կամ Օպերայի և բալետի թատրոնի շենքում: Հարցադրմանը՝ թե ինչու ոչ ԿԸՀ-ում, իբր ԿԸՀ-ից ասել են, թե այնտեղ նեղվածք է: Մանդատների հանձնման ժամանակ, հատկապես միջոցառման սկզբում, ԿԸՀ-ում, իսկապես, նեղվածք էր լինում, բայց ցանկության դեպքում հարցը կարելի էր կարգավորել: Նոր իշխանությունը, փաստորեն, չի ուզում այդ նեղությունը կրել, կամ էլ, ԿԸՀ-ն, ուրեմն, նաև Տիգրան Մուկուչյանը չեն ուզում, որ նոր իշխանությունը նեղություն զգա. ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ «միջոցառման տերը ԿԸՀ-ն է», և իրենցն է միջոցառումը Օպերայի և բալետի թատրոնում անցկացնելու նախաձեռնությունը (իհարկե, իշխանության լուռ համաձայնությամբ, եթե անգամ իշխանությունը ոչ մի հեղինակային իրավունք չունի այս նախաձեռնության հարցում):

Ի դեպ, չի բացառվում նաև, որ հեղափոխական իշխանությունը պարզապես չի ցանկանում ասոցացվել նախկինների հետ և մանդատները ստանալ ԿԸՀ-ից կամ, որ նույնն է՝ Տիգրան Մուկուչյանից, ում անունը նույնացվում է ընտրակեղծիքների հետ: Կա նաև որոշում, որ նոր պատգամավորներին վկայականները տալու է ոչ թե ԿԸՀ նախագահը, ինչպես նախկինում, այլ ընտրողները՝ 2-ական ընտրող յուրաքանչյուր ընտրատարածքից, այսինքն, 26 մարդ: Այս գաղափարն էլ, Արմեն Սմբատյանի տեղեկացմամբ, իրենց «հուշել են», ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի Ընտրական գործընթացների աջակցման ծրագրից: Ընտրողներին ընտրել է համակարգիչը՝ պատահականության սկզբունքով:

ԿԸՀ-ն կմնա՞ անցյալում

Վերջին անգամ, փաստորեն, ԿԸՀ-ում վկայականներ ստացել են 5-րդ գումարման ԱԺ պատգամավորները, 2012 թվականին: Պատգամավորի թիվն այսօրվանից պակաս էր ընդամենը 1-ով՝ 131 էին: Միջոցառմանը ակտիվ էին հատկապես ՀՀԿ-ի պատգամավորները. առաջինը նրանք էին եկել հանձնաժողովի շենք՝ գրեթե ամբողջական կազմով, հետո ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն: Հայտարարված ժամին և դրան հաջորդած այն ընթացքում, երբ լրագրողներն ու տեսախցիկները լուսաբանում էին միջոցառումը, ՕԵԿ, «Ժառանգություն», ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները նախընտրել էին ԿԸՀ չգնալ: Ի դեպ, 2017-ին էլ մանդատները ստանալու արարողությունը բոյկոտել էր «Ելք»- խմբակցությունը: Այսօր նույն «Ելք»-ի որոշ անդամներ «Լուսավոր Հայաստանում» են, որը իրեն հայտարարել է ընդդիմադիր ու ընտրություններից հետո որոշ դժգոհություններ է հայտնել իշխանություններից: Կմասնակցե՞ն ԼՀ-ի պատգամավորները մանդատները ստանալու արարողությանը. հունվարի 10-ի ինտրիգը կարող է լինել սա, և մեկ էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արարողությանը մասնակցել-չմասնակցելու հարցը: Նախկինում երկրի առաջին դեմքը այս միջոցառմանը չի մասնակցել, բայց այսօր իրավիճակ է փոխվել, գուցե և մասնակցի: