Նոր խորհրդարանի առաջին նիստը՝ հունվարի 14-ին

հունվարի 8, 2019

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի հունվարի 14-ին՝ առավոտյան ժամը 10-ին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 4-ին հրավիրած արտահերթ նիստում կազմեց արձանագրություն՝ գրանցելով դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերի պատգամավորներին: Վերջիններն իրենց մանդատները կստանան հունվարի 10-ին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ:

Իշխանական խմբակցությունը

7-րդ գումարման խորհրդարանն ունենալու է 132 պատգամավոր՝ նախորդի 105-ի փոխարեն և 3 խմբակցություն՝ նախորդի 4-ի փոխարեն:

Իշխանական «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանում ներկայացված կլինի 88 պատգամավորով: Դաշինքի համամասնական ցուցակի թեկնածուներից 18-ը ինքնաբացարկի դիմումներ է ներկայացրելԿենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ինքնաբացարկ են հայտնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը,  փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ   Գևորգյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը և ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը:

Կառավարությունից խորհրդարան է գնում առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, որի թեկնածությունն իշխանական խմբակցությունն առաջադրելու է ԱԺ նախագահի պաշտոնում: «Իմ քայլի»՝ ԱԺ փոխնախագահների թեկնածուներն են Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը:

«Իմ քայլը» դաշինքի 88 պատգամավորներից 42-ը համամասնական, 46-ը տարածքային ցուցակից ներից է: Իշխանական խմբակցության պատգամավորների մեծ մասը խորհրդարանական աշխատանքի փորձ չունի: Հայտնի է, որ խմբակցությունը ղեկավարելու է մշակույթի նախկին նախարար ԼիլիթՄակունցը, իսկ քարտուղարը լինելու է Հակոբ Սիմիդյանը:

Ազգային փոքրամասնություններից «Իմ Քայլը» դաշինքի կազմում են Ռուստամ Բաքոյանը (եզդի), Ալեքսեյ Սանդիկովը (ռուս), Արսեն Միխայլովը (ասորի) և Կնյազ Հասանովը (քուրդ)։Վերջինը 6-րդ գումարման խորհրդարանում Հանրապետական խմբակցության անդամ էր:

ԲՀԿ-ն՝ չկողմնորոշված

Նորընտիր Ազգային ժողովի երկրորդ քաղաքական ուժը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 26 պատգամավորով: Խմբակցության կազմում դեմքերի փոփոխություն գրեթե չի եղել: Չեն եղել նաև ինքնաբացարկի դիմում ներկայացրած թեկնածուներ:

ԲՀԿ 26 պատգամավորներից 13-ը համամասնական, 13-ը՝ տարածքային ցուցակի թեկնածուներ են: Գագիկ Ծառուկյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Գևորգ Պետրոսյանը, Վարդևան Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը, Նորա Առուստամյանը, Իվետա Տոնոյանը դարձյալ կլինեն Ազգային ժողովում: Խմբակցության նոր դեմքերից է Գագիկ Ծառուկյանի օգնական, թիկնազորի ղեկավար Էդուարդ Բաբայանը, որը մեղադրվում է անձին ծանր վնաս հասցնելու մեջ. քրեական գործը քննվում է Հատուկ քննչական ծառայությունում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ չի հայտարարել, թե ինչ քաղաքական կարգավիճակ է որդեգրելու նոր խորհրդարանում՝ լինելու է ընդդիմադի՞ր, թե աջակցելու է կառավարությանը:

Ընդդիմադիրները

Խորհրդարանական ընդդիմություն լինելու մասին արդեն հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը նոր խորհրդարանում ունի 18 պատգամավոր: Կուսակցության թեկնածուներից ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել են 2-ը՝ Քրիստ Մարուքյանը, որը կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբայրն է, և Արմեն Բաղդասարյանը:

Խմբակցության 18 պատգամավորներից խորհրդարանական աշխատանքի փորձ ունեն 3-ը՝ Էդմոն Մարուքյան, Մանե Թանդիլյան և Գևորգ Գորգիսյան:

Արդեն հայտնի է, որ ԱԺ փոխխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստանն» առաջադրելու է Մանե Թանդիլյանի թեկնածությունը: «Բարգավաճ Հայաստանն» այդ հարցում էլ առայժմ կողմնորոշված չէ: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածուն էներգետիկայի և բնական ռեսուրսների նախկին նախարար Արթուր Գրիգորյանն է:

Ի՞նչ է տեղի ունենալու 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկին

Ազգային ժողովի կանոնակարգը մանրամասնորեն սահմանում է նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի անելիքները:

Ըստ օրենքի՝ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են՝ արտասանելով հետևյալ տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողն Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության հիման վրա պաշտոնապես հայտարարում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների կամ դաշինքների անվանումները և ներկայացնում պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, որից հետո պատգամավորները գրանցվում են:

Առաջին նստաշրջանի օրակարգայնին առաջին հարցը հաշվիչ հանձնախմբի ձևավորումն է , ապա Ազգային ժողովի նախագահի, Ազգային ժողովի նախագահի 3 տեղակալների ընտրությունները, մշտական հանձնաժողովների ձևավորումը և դրանց նախագահների ընտրությունները: Օրենսդրությունը գործադիրին հնարավորություն է տալիս հենց առաջին նստաշրջանում՝ կառավարության ձևավորումից առաջ, քննարկման դնել կառավարության կառուցվածքում փոփոխություն առաջարկող նախագիծ:

Կառավարությունը մտադիր է օգտվել այս հնարավորությունից: Շրջանառության մեջ է դրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որով առաջարկվում է նախարարությունների թիվը կրճատել՝ 17-ից հասցնելով 12-ի:

Նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների մեկնարկի հետ կլուծվի վարչապետի նշանակման հարցը: «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ոչ թե կընտրվի, այլ վարչապետի պաշտոնում կնշանակվի հանրապետության նախագահի կողմից։

Սահմանադրության 150-րդ հոդվածի համաձայն՝ նշանակումից հետո 15-օրյա ժամկետում վարչապետը պետք է ձևավորի նոր կառավարություն, իսկ 20-օրյա ժամկետում խորհրդարան ներկայացնի կառավարության ծրագիրը: 

Կառավարության ծրագիրն Ազգային ժողով ներկայացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը պետք է հայտարարի հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը և ժամը: Առաջին նստաշրջանն ավարտվում է կառավարության ծրագրի հաստատմամբ, որից հետո Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ: