Պետական համակարգը գերուռճացված է. Ա. Մանուկյան

հունվարի 8, 2019

 Հարցազրույց «Իմ քայլը» դաշինքի անդամ Արտակ Մանուկյանի հետ:

-Կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ունենալու ենք 12 նախարարություն՝ 17-ի փոխարեն: Կասե՞ք, թե ինչպես է կարգավորվելու միավորվող կամ փակվող նախարարությունների գործառույթների հարցը:

-Նախագծի բովանդակային մանրամասներին ես ծանոթ եմ լրատվամիջոցներից: Կարող եմ ասել, որ 17 նախարարությունները վերակազմավորվելու են և դառնալու են 12, ինչը նաև ենթադրում է գործառույթների համախմբում:

-Մշակույթի նախարարության աշխատակիցները բողոքում են, թե վերակազմավորման պատճառով տուժելու է մշակույթը, սփյուռքահայերը դժգոհում են, թե չգիտեն՝ ում են դիմելու Սփյուռքի նախարարությունը փակելուց հետո: Կա՞ն այս հարցերի պատասխանները:

-Խոսքը վերաբերում է ոչ թե մշակույթի գործառույթների լուծարմանը, այլ խնդրի առավել արդյունավետ մատուցմանը: Մշակույթին կամ սփյուռքին առնչվող գործառույթները չեն կորում, պարզապես կառավարության կառուցվածքի օպտիմալացման կամ բարելավման համատեքստում դրանց արդյունավետությունը և հասցեականությունն են բարձրանում: Օրինակ, Մշակույթի նախարարության գործառույթով կարող են զբավել մշակույթի հարցերով զբաղվող ստորաբաժանումները:

-«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնը» հաշվել է, որ միավորվող հինգ նախարարություններն ունեն 630 աշխատողներ, որոնց աշխատավարձի համար բյուջեից տարեկան 2,2 մլրդ դրամ է հատկացվում: Կառավարության կառուցվածքի արդյունքում նաև գումա՞ր է տնտեսվելու:

-Պետք է երկու բան տարանջատել` գործառույթների համախմբում, ինչը նշանակում է՝ նախարարությունը, որը մատուցում էր պետական ծառայություն, շարունակելու է դա անել, պարզապես ավելի բարձր արդյունավետությամբ: Եվ դա չի նշանակում, թե այդ նախարարությունների աշխատակազմը մեխանիկորեն դադարում է կենսունակ լինելուց: Քննարկվել է ընդամենը մարդկային կապիտալ ստեղծող կամ մարդկային կապիտալի վրա ազդող նախարարություններն ավելի համախմբված ու բարձր արդյունավետությամբ, հանրությանը փոխկապակցված ռազմավարությամբ ծառայություն մատուցել հարցը: Եվ տեղին չէ ասել, որ մարդիկ մեխանիկորեն դուրս են մնում, կամ որքան գումար է տնտեսվելու: Եթե անգամ այդ գործընթացը որոշ կրճատումների բերի, պետությունն ունի սոցիալական գործառույթ և պետք է փորձի հնարավորինս սահուն ու անցնցում, վերապատրաստման մեխանիմների միջոցով աշխատողներին հնարավորություն ընձեռել իրենց տեղը գտնելու թե պետական, թե մասնավոր համակարգերում:

-Այսինքն, այդ նախարարությունների աշխատողները կդառնան գործազուրկ, մինչև կառավարությունը նրանց մի մասին կառաջարկի աշխատել միավորվող գերատեսչություններո՞ւմ:

-Այդ աշխատողները, եթե նախկինում բացում էին, ասենք, Սփյուռքի նախարարության դուռը, համախմբման արդյունքում կբացեն մեկ այլ նախարարության դուռ և կիրականացնեն իրենց գործառույթները: Երբ մենք ասում ենք փոփոխության ազդեցություն, դա առնչվում է առավելագույնը 630 մարդու, բայց դա կրճատում չէ:

-Այնուամենայնիվ, կա վտանգ, որ այդ 630-ի մի մասը կարող է անգործ մնալ:

-Ռիսկեր կան, բայց դրա մասին խոսակցությունն անիմաստ է, որովհետև առնվազն Աշխատանքային օրենսգրքով և քաղծառայության համակարգով նրանք բավականաչափ պաշտպանված են, իսկ աշխատողներին կրճատելու հարց ընդհանրապես չի քննարկվում: Ակնհայտ է, որ պետական համակարգը գերուռճացված է, և հարկատուներն իրենց վճարած հարկերի դիմաց արդյունավետ ծառայություն չեն ստանում: Դա արդար չէ:

-Նախատեսվում է Մշակույթի, Սպորտի և երիտասարդության նախարարությունները միացնել Կրթության և գիտության նախարարությանը: Կարծում եք այս երեք գերատեսչությունների գործառույթները կարելի՞ է միավորել:

-Դուք ԿԳՆ-ին վերաբերում եք որպես հենց այդպիսի գերատեսչության, բայց եթե մենք դիտարկենք, որ կրթությունն այն հիմքն է, որ մարդկային կապիտալը զարգանա, ապա նույն նախարարության կողմից ավելի ակտիվ քաղաքականություն է ենթադրվում:

-Կառավարության կառուցվածքի փոփոխությունների հարցը քննարկվելու է ԱԺ առաջի՞ն նիստում, թե՞ նոր կառավարության կազմավորումից հետո:

-Չեմ կարող ասել, հատկապես որ նախագիծը Ազգային ժողովում դեռ շրջանառության մեջ դրված չէ:

-Ձեր տնտեսական թիմը նոր խորհրդարանում առաջնահերթ կարգով ի՞նչ նախագծեր է ներկայացնելու:

-Հիմա գործարարների հետ քննարկում ենք, թե Հարկային օրենսգրքի փոփոխությունների շրջանակում ինչ գործիքներ կարող ենք առաջարկել:

-Ինչի՞ն են միտված լինելու այդ փոփոխությունները:

-Հարկային օրենսգիրքն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմեր: Օբյեկտիվն այնն է, որ դու ԵԱՏՄ շրջանակներում ստանձնել ես պարտականություններ, որոնք պետք է իրականացվեն: Սուբյեկտիվն այնն է, որ քանի հարկային քաղաքականության տեսանկյունից ամրագրված է չեզոքության սկզբունքը, մասնավորապես, երբ խոսք է գնում համահարթ եկամտահարկի 23% դրույքաչափի մասին, ապա դա պետական բյուջեի համար նշանակում է չստացված եկամուտ: Իսկ չեզոքության սկզբունքն ասում է, որ երբ չես ստանում որոշակի եկամուտ, պետք է դրան այլընտրանք առաջարկես, և այդ համատեքստում հավելյալ փոփոխություններ կան: Փոփոխությունները միտված են երկրում աշխատանքային մթնոլորտի քաջալերմանը: