ԱԺ 7-րդ գումարմանն ընդառաջ

դեկտեմբերի 27, 2018

2018թվականը ավարտում ենք երկու խորհրդարանով՝ 6-րդ գումարման Ազգային ժողովը արձակված է, 7-րդ գումարման Ազգային ժողովը դեռ չի ձևավորվել: Նոր խորհրդարանը կհամարվի ձևավորված՝ մանդատները պատգամավորներին բաշխելուց հետո, մինչ այդ Հայաստանում, փաստորեն, ունենք 132 ընտրված և 105 մանդատը դեռևս վայր չդրած պատգամավոր:

Նորը՝ նոր խորհրդարանում

7-րդ գումարման խորհրդարանում լինելու է քաղաքական դաշտի խիստ սահմանափակ ներկայացվածություն՝ ընդամենը 2 կուսակցություն և 1 դաշինք՝ ընտրություններին մասնակցած 11 ուժից: 3-ը նվազագույն թիվն է քաղաքական ուժերի, որոնք կարող են ներկայացված լինել խորհրդարանում, բայց բոլոր նախորդ գումարումներում խմբակցությունները 3-ից ավելին են եղել: Այսպես. 6-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված էր 4 ուժ, 2-րդ, 3-րդ, 5-րդ գումարումներում՝ 6, 1-ինում և 4-րդում՝ 5:

7-րդ գումարման խորհրդարանում իշխող խմբակցությունը կունենա ամենամեծ խմբակցությունը՝ բոլոր նախորդ գումարումների համեմատ: «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունը ստացել է 88 մանդատ: ՀՀԿ խմբակցությունը, որ անցած գումարումներում եղել է ամենամեծ խմբակցությունը, ամենաշատ պատգամավոր ունեցել է 5-րդ գումարման ընթացքում՝ 69:

Այս խմբակցությունում կլինեն պատգամավորական գոործունեության փորձառություն ունեցող ընդամենը 7 պատգամավոր՝ Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Սասուն Միքայելյան, Հովիկ Աղազարյան, Հայկ Կոնջորյան, Հրաչյա Հակոբյան:

Ընդհանուր առմամբ՝ նոր խորհրդարանի կազմը նախորդի համեմատ լինելու է փոփոխված մոտ 4/5-րդով: «Լուսավոր Հայաստանի» 18 հոգանոց խմբակցությունում միայն երկուսը կլինեն նախորդից՝ Էդմոն Մարուքյանն ու Գևորգ Գորգիսյանը: Ուշագրավ է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի «Ելք» խմբակցության բոլոր անդամները, բացի Արամ Սարգսյանից, կլինեն նաև նոր խորհրդարանում:

Մեծ է հավանականությունը, որ ԲՀԿ խմբակցությունում, որը կունենա 26 անդամ, կլինեն հիմնականում նախորդ գումարման պատգամավորները. ցուցակի առաջին 26 անունից 17-ը 6-րդ գումարումից են:

Իշխանությունը ընդդիմություն է ընտրելու

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի հունվարի 14-ին: Օրակարգը հայտնի է՝ Ազգային ժողովի նախագահության, ղեկավար մարմինների ընտրություն, կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծ: Խորհրդարանում ներքին հարաբերությունների ճշգրտումների առումով որոշիչ է լինելու, թերևս, ընդդիմադիր խմբակցությանը տրվող Աժ փոխնախագահի ընտրությունը: «Իմ քայլի» կողմից առաջադրված ԱԺ նախագահի և երկու փոխնախագհահների անունները հայտնի են՝ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան, հայտնի է նաև «Լուսավոր Հայաստան» թեկնածուի անունը՝ Մանե Թանդիլյան: Անհայտ է դեռևս, թե այս պաշտոնում ում կառաջադրի ԲՀԿ-ն, և, որ առավել հետաքրիր է, ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի թեկնածուներից որին կընտրի ԱԺ 70 %-ը կազմող «Իմ քայլը»:   Մանե Թանդիլյանը եղել է «Ելք»-ի պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի կառավարությունում զբաղեցրել է նախարարի պաշտոն: Թվում է՝ միանգամայն հիմնավոր՝ նրա թեկնածությունը «Իմ քայլի» համար պիտի ընդունելի լինի: Բացի դա՝ «Իմ քայլը» նոր ուժ է, նոր հայացքներով, մոտեցումներով, որը, հին համակարգը ներկայացնող ԲՀԿ-ի ու իր ոչ վաղ անցյալի գործընկեր ԼՀԿ-ի միջև նախապատվությունը պիտի որ տա երկորդին: Բայց այս ընտրության վրա կարող է ազդեցություն ունենալ «Լույս» դաշինքի ընդգծված ընդդիմադիր կեցվածքը Երևանի ավագանիում, որը հատկապես վերջին նիստում ակնհայտորեն հունից հանել էր «Իմ քայլի» անդամներին ու քաղաքապետ Մարությանին:

Միով բանիվ՝ ԱԺ առաջին նիստում ընտրելով ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ՝ «Իմ քայլը» իր համար ընտրելու է խորհրդարանական ընդդիմություն. ընդ որում՝ ընդդիմադիր է լինելու այն ուժը, որը ներկայացված չի լինի ԱԺ նախագահությունում: