Կառուցվածքի փոփոխություն կառավարության ձևավորումից առա՞ջ, թե՞ հետո

դեկտեմբերի 20, 2018

Վաղը՝ դեկտեմբերի 21-ին, լրանում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկելու համար օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետը:

Դրանից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հայտարարի, թե երբ է հրավիրվելու Ազգային ժողովի առաջին նիստը: Ըստ Սահմանադրության՝ այն հրավիրվում է նորընտիր խորհրդարանի կազմավորմանը հաջորդող երկրորդ երկուշաբթի օրը։ Ազգային ժողովը համարվում է կազմավորված մանդատների բաշխումից ու գրանցումից հետո: ԿԸՀ-ն արդեն բաշխել է մանդատները, բայց դեռևս չի գրանցել դրանք: Parliamentmօnitoring.am-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ խմբակցություններին ինքնաբացարկներ ներկայացնելու ժամանակ կտրվի և դրանից հետո միայն կկազմվի մանդատների գրանցման արձանագրությունը։ Այդ ժամկետը դեկտեմբերի 30-ն է։ Այսինքն՝ 7-րդ գումարման առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին, ինչի մասին ոչ պաշտոնապես արդեն հայտարարվել է։

ԱԺ առաջին նիստ․ի՞նչ են քննարկելու

ԱԺ առաջին նիստի օրակարգը սահմանված է ԱԺ կանոնակարգ-օրենքով․ լինելու է ԱԺ նախագահի, փոխնախագահների ընտրություն, ապա որոշվելու է մշտական հանձնաժողովների թիվը և փակ քվեարկությամբ ընտրվելու են հանձնաժողովների նախագահները։ Փոխնախագահներին ընտրելու են հանձնաժողովները՝ իրենց կազմից, հանձնաժողովի նիստում։ ԱԺ հանձնաժողովները կազմավորվում են Դոնթի բանաձևով։ Քննարկվում էր գործող 9-ի փոխարեն 10-11 մշտական հանձնաժողով ունենալու տարբերակը։ Լենա Նազարյանը հստակեցրեց, որ այս պահին կանգ են առել 10-ի վրա, բայց խմբակցությունում կա նաև առաջարկ՝ դրանք դարձնելու 11։

«Քանի որ նախարարությունների թիվը կրճատվում է, մոտեցումն այն է, որ հանձնաժողովների քանակն ավելանա, որպեսզի ամեն մի հանձնաժողով առանձին ոլորտի վրա ուշադրություն դարձնի և ավելի մանրամասն քննարկելու հնարավորություն ունենա։ Բայց այդ տարբերակը երեկ է հնչել, մենք պետք է քննարկենք »,-մանրամասնեց Նազարյանը։

Նա նշեց, որ մտածում են բաժանել պետական-իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը, ունենալ առանձին՝ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով։ Կա առաջարկ նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովից առանձնացնել գյուղատնտեսության ոլորտը։

Ըստ Լենա Նազարյանի՝ 10 հանձնաժողովի դեպքում «Իմ քայլը» ունենալու է 7 հանձնաժողովի նախագահի պաշտոն: Թեկնածուները հայտնի են. պետաիրավական հանձնաժողով՝ Վլադիմիր Վարդանյան, արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ Ռուբեն Ռուբինյան, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով՝ Անդրանիկ Քոչարյան, տնտեսական հարցերի հանձնաժողով՝ Բաբկեն Թունյան, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վարազդատ Կարապետյան, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության սպորտի և սփյուռքի հարցերով հանձնաժողով (ավելանալու է սփյուռքը Մխիթար Հայրապետյան և առողջության ու սոցիալական հարցերի հանձնաժողով՝ Նարեկ Զեյնալյան։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ՝ իրենց խմբակցությունը Դոնթի բանաձևով կունենա 1 հանձնաժողով, նախընտրում են ֆինանսավարկայինը: ԲՀԿ-ին Դոնթի բանաձևով բաժին է ընկնում 2 հանձնաժողով, թեկնածությունների հարցում խմբակցությունում դեռ չեն կողմնորոշվել։

Ինչպես արդեն հայտարարվել է, «Իմ քայլը» ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու է Արարատ Միրզոյանի, փոխնախագահների պաշտոնում՝ Լենա Նազարյանի ու Ալեն Սիմոնյանի թեկնածությունները։ ԱԺ փոխնախագահի ԼՀԿ-ի թեկնածուն Մանե Թանդիլյանն է, ԲՀԿ-ն դեռ չի հայտարարում, բայց շրջանառվում են Արթուր Գրիգորյանի և Նաիրա Զոհրաբյանի անունները։ ԱԺ կանոնակարգում նշվում է, որ խորհրդարանի 3 փոխնախագահներից մեկին առաջադրելու իրավունքը ընդդիմադիր խմբակցություններինն է:

Նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների մեկնարկի հետ կլուծվի վարչապետի նշանակման հարցը: «Իմ քայլի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ոչ թե կընտրվի, այլ վարչապետի պաշտոնում կնշանակվի հանրապետության նախագահի կողմից ։

«Ընտրություններ տեղի են վարչապետի հրաժարականից հետո։ Առանձին կարգավորում, ընթացակարգ որպես այդպիսին չկա, բայց իրավական վերլուծությունից կամ Սահմանադրությունից բխում է, որ մեծամասնությունը գրավոր պիտի ներկայացնի իր թեկնածուին հանրապետության նախագահին, վերջինն էլ անհապաղ պիտի նշանակում կատարի», - ասում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստին կարող են ներկա լինել և ողջույնի խոսք ասել հանրապետության նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, իսկ պատգամավորները պետք է երդվեն։

Սահմանադրության 150-րդ հոդվածի համաձայն՝ նշանակումից հետո 15-օրյա ժամկետում նոր վարչապետը պետք է ձևավորի նոր կառավարություն, իսկ 20-օրյա ժամկետում խորհրդարան ներկայացնի կառավարության ծրագիրը: Արդեն հայտարարվել է, որ գործադիրը մտադիր է կրճատել նախարարությունների թիվը: Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը կարող է քննարկվել ԱԺ առաջին նիստի ընթացքում: Պատասխանելով հարցին, թե գործադիրի կառուցվածքը կփոխվի կառավարության ձևավորումից առա՞ջ, թե՞ դրանից հետո, ԱԺ փոխնախագահի թեկնածու Լենա Նազարյանն ասաց, որ նախագիծն արդեն շրջանառության մեջ է։

«Եվ քանի որ կա կառավարություն՝ պաշտոնակատարներ են, կարող է հաստատի ու ուղարկի ԱԺ։ Շատ հնարավոր է, որ առաջին նիստում նախագիծը դրվի քննարկման»,- ասաց Լենա Նազարյանը։