Լուսավոր և բարգավաճ մարտեր՝ ԱԺ 7-րդ գումարումից առաջ

դեկտեմբերի 18, 2018

7-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները դեռ չսկսած՝ նոր խորհրդարանի ոչ իշխանական ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, փոխհրաձգություն են սկսել: Ամեն ինչ սկսվել է Հանրային հեռուստաընկերության մեծ բանավեճից, որի ընթացքում ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հարցրել է՝ ինչո՞ւ է ձգտում մտնել Ազգային ժողով, եթե գործարար է ու կարող է հանգիստ զբաղվել գործարարությամբ: Մարուքյանը նույնիսկ խոստացել էր պաշտպանել գործարարներին, նրանց բիզնեսները, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին: Ի պատասխան՝ Ծառուկյանը Մարուքյանին հիշեցրել էր, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում ինքը աջակցություն է ցույց տվել նրան:  

Հեռուստաեթերում երկու կուսակցությունների լիդերների խոսակցությանը հաջորդեցին արդեն շարքային կուսակցականների հարցազրույցները, ֆեյսբուքյան գրառումները, որոնք հիշեցնում էին նույն լիդերների անցյալից տարբեր դրվագներ՝ «համեմված» ծաղրուծանակով և վիրավորանքով: Ակտիվացել էին հատկապես ԲՀԿ-ականները:

Հիշեցին միմյանց ծագումնաբանությունը

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Լուսավոր Հայաստանը» և Էդմոն Մարուքյանին անվանել էր «Միշիկի պրոյեկտ» (Խոսքը ՀՀ 3-րդ նախագահի փեսան Միքայել Մինասյանի մասին է): Ֆեյսբուքյան իր էջում գրելէր. «Տպավորություն է, որ Էդմոն Մարուքյանը հսկայական գումարն է վերցրել Միքայել Մինասյանից և երաշխավորել է, որ խորհրդարանում լինելու է երկրորդ քաղաքական ուժը։ Հիմա Միշիկը փողերը հետ է ուզում խոստացել է ամեն գնով ստանալ»:

Պատասխանը «Լուսավոր Հայաստան»-ից չուշացավ. կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ավելի քան 40 րոպե տևած իր ֆեյսբուքյան «լայվ»-ով հերքեց հայտարարությունը, թե իրենց ֆինանասավորում է Միքայել Մինասյանը՝ միաժամանակ հակադարձելով, թե ԲՀԿ-ն ստեղծել է Ռոբերտ Քոչարյանը: «Ռոբերտ Քոչարյանը ձեզանից ակնկալում է, որ խոսեք, իրեն պաշտպանեք: Ձեր կուսակցության հիմնադիրը, ձեր ստեղծողը, ձեր բիզնես գործընկերն այսօր քրեակատարողական հիմնարկում է, այ նա ձեր նկատմամբ պահանջներ ունի, փողերն էլ է պահանջում, ամեն ինչ պահանջում է: Ու ճիշտ է անում, որովհետև իր օրոք եք դարձել այն, ինչ կաք»:

Մարուքյանը հիշեց 2008թ. մարտի 1-ը՝ նշելով, թե որպես հայտնի դեպքերին աջակցած անձ, ժամանակին փաստահավաք խումբը, ի թիվս այլ անունների, հրապարակել էր նաև Գագիկ Ծառուկյանի անունը:

Ծառուկյանը «լայվ» չմտավ

Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան «լայվը» անպատասխան չմնաց: Ծառուկյանն ու ԲՀԿ-ն նախընտրեցին գրավոր հայտարարությունը՝ կազմված մի քանի պնդումներից այն մասին, որ Ծառուկյանն օլիգարխ չէ, որ նրա կապիտալը՝ առաջին լումայից մինչև վերջինը, եղել է պարզ ու թափանցիկ: «Հիշեք Սերժ Սարգսյանի հրահանգը հարկային մարմիիներին` սկսել լայնամասշտաբ ստուգումներ Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված ձեռնարկություներում։ Եթե որևէ չարաշահում լիներ, վստահ ենք՝ չեք կասկածում, որ մեծ սկանդալը իրեն սպասեցնել չէր տա»,- նշվում էր հայտարարության մեջ։

Հայտարարությանմբ ԲՀԿ-ն անդրադարձել էր նաև Ռոբերտ Քոչարյանի հետ կապին՝ նշելով, թե եթե կուսակցության հիմնադիրը Ռոբերտ Քոչարյանը լիներ, ԲՀԿ-ն այժմ կլիներ նրա կողքին: Հերքել էին նաև մարտի 1-հետ Ծառուկյանի առնչությունը՝ հույս հայտնելով, թե շուտով գործը կբացահայտվի և ամեն բան հայտնի կդառնա:

Կեղծվե՞լ է փաստաթուղթը, թե՞ չի կեղծվել

ԼՀԿ-ԲՀԿ փոխհրաձգության ժամանակ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն անդրադարձել էր 2012թ. ընտրություններում Մարուքյանի՝ Հայաստանում մշտական բնակության մասին տեղեկանք ներկայացնելու հարցին՝ գրելով, թե Մարուքյանը պատգամավոր առաջադրվելու համար փաստաթղթեր է կեղծել և պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի: Մարուքյանը բազմիցս անդրադարձել է այս թեմային՝ պատկան մարմիններից ստացած փաստաթղթերով փաստելով, որ ինքը պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար կեղծիքի չի գնացել: Հայտնի «լայվ»-ի ընթացքում, սակայն, Մարուքյանը փաստաթղթի իրական կամ կեղծ լինելու մասին չխոսեց:

parliamentmonitoring.am վիճակագրությունը՝ բացակայությունների վերաբերյալ

2015թ. հունվարին, երբ Սերժ Սարգսյանը որոշել էր «պատժել» Գագիկ Ծառուկյանին և ՀՀԿ-ի համագումարում խոսել էր նրա բիզնեսներում ստուգումներ սկսելու և մականունով դիմել թույլ չտալու մասին, հիշել էր նաև ԲՀԿ խմբակցության ղեկավարի բացակայությունները ԱԺ նիստերից: Նրա այս ելույթից հետո Ազգային ժողովում սկսել էին լրջորեն ուսումնասիրել՝ հարգելի՞ են արդյոք Գագիկ Ծառուկյանի անթիվ-անհամար բացակայությունները: Ըստ parliamentmonitoring.am-ի տվյալների՝ Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ եղել է խորհրդարանի ամենաշատ բացակայած պատգամավորը: Նրա բացակայությունների մասին ուղիղ եթերում խոսել էր նաև Էդմոն Մարուքյանը՝ խոստանալով նոր խորհրդարանում մշտապես ուշադրության կենտրոնում պահել Ծառուկյանի հաճախելիության հարցը:

Ուշագրավ է, որ Մարուքյանին ուղղված ԲՀԿ-ի հայտարարության մեջ նույնպես հղում էր արվում parliamentmonitoring.am-ի վիճակագրությանը առ այն, թե ամենաշատ բացակայած պատգամավորների տասնյակում նշվում էր նաև Էդմոն Մարուքյանի անունը:

Parliamentmonitoring.am-ը տարբեր առիթներով  անդրադարձել է  պատգամավորների բացակայությունների հաշվարկման մեթոդաբանությանը: Մշտապես նշվել է, որ վիճակագրությունը կազմվում է ԱԺ պաշտոնական կայքէջում հրապարակվող տվյալների հիման վրա: Ծրագիրն ավտոմատ ներբեռնում է դրանք ՝ կազմելով պատգամավորների քվեարկության պատմությունները:

Պատգամավորների բացակայությունների՝ կայքում ներկայացվող ցուցանիշներն ընդհանուր են՝ առանց հարգելի և անհարգելի տարբերակման (բացակայությունների հարգելի լինելը քվեարկության ժամանակ որևէ կերպ չի արձանագրվում  և որոշվում է ավելի ուշ ՝ պատգամավորների ներկայացրած փաստաթղթերի հիմնա վրա):

Պատահական չէ, որ բացակաների տասնյակում նաև միջխորհրդարանական պատվիրակությունների անդամ պատգամավորներն են, որոնք հաճախակի գործուղումների պատճառով գրանցում են քվեարկություններից բացակայության բարձր ցուցանիշներ:

Նկատենք, սակայն, որ գործուղումները պատգամավորական գործունեության մաս են, և դրանց ընթացքում բացակայությունները համարվում են հարգելի: