Աշխատելու եմ քաղաքական գործչի իմ կերպարի ու կշռի վրա. Ա. Սիմոնյան

դեկտեմբերի 12, 2018

Հարցազրույց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ

-Պարոն Սիմոնյան, վերջին 20 տարիներին որևէ ուժ ընտրություններում չի ստացել ձայների 70%-ը և Ազգային ժողովում, նախնական տվյալներով, չի ունեցել 88 պատգամավոր։ Դա ձեզ չի՞ մտահոգում. ի վերջո, իշխանությունը ստանձնելու է բացարձակ պատասխանատվություն:  

-70%-ը և՛ ուրախացնում է, և՛ մտահոգում։ Եվ մենք, այո, գիտակցում ենք, որ պատասխանատու ենք ու պարտավոր ենք արդարացնել ժողովրդի հույսերը։

-«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ եթե բիզնեսը տարանջատված լիներ քաղաքականությունից, ընտրությունների արդյունքում իրենք ոչ թե երրորդ, այլ երկրորդ տեղը կզբաղեցնեին։ Փաստորեն, իշխանությանը չի հաջողվել բիզնեսը տարանջատել քաղաքականությունից։

-Բիզնեսը չի կարող ազդել ընտրության արդյունքների վրա։ Եթե պարոն Մարուքյանը նման հայտարարություն է անում, լավ կլինի, որ ապացույցներ էլ ներկայացնի կամ էլ խնդրի, որ դա Գևորիկն անի։ Դա անհարգալից վերաբերմունք է ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտման նկատմամբ: Քաղաքացին բիզնեսի կամ բիզնեսմենի վրա հենվելո՞վ է ընտրություն կատարել. իհարկե, ոչ։

-Պարոն Մարուքյանը նկատի ուներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որը գործարար պատգամավոր է։

-Ենթադրենք՝ նկատի ուներ Գագիկ Ծառուկյանին, ի՞նչ նշանակություն ունի՝ նա բիզնես ունի՞ թե՞ ոչ։ Բիզնեսը, եթե չի մասնակցում ընտրություններին, ազդեցություն չի ունենում արդյունքների վրա, եթե մասնակցում է, հանցագործություն է։ Եթե Ծառուկյանը ընտրություններին իր գումարն է օգտագործել, թող Մարուքյանը այդ մասին հայտարարություն անի, որ քրեական գործ հարուցվի։ Եթե նման բան չի անում, ուրեմն, ընդամենը անընդունելի հայտարարություն է արել։

-ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն խորհրդարանում կլինեն ընդդիմադիր: Այդ կուսակցությունները հայտարարել են, որ աջակցել են հեղափոխությանը, հեղափոխությունից հետո կառավարության մաս են կազմել։ Չե՞ք կարծում, որ դուք ԱԺ-ում ունենալու եք թույլ ընդդիմություն։

-Չեմ կարծում։ Ավելին,այդ կուսակցությունները փորձելու են անել առավելագույնը: Այդ ցանկությունը նրանց դարձնելու է ծայրահեղ ընդդիմություն։ Քաղաքական դաշտում նրանք փորձելու են ավելի ծանրակշիռ տեղ զբաղեցնել, այլ ճանապարհ չեն ունենա, այլապես առաջընթաց չեն ունենա։

նդդիմադիր պատգամավորները միշտ հայտարարել են, որ ԱԺ-ն դարձել է կառավարության դակիչ մարմին։ Օրինագծերի ավելի քան 90%-ը կառավարությունն է ներկայացրել։ «Իմքայլը» 88 պատգամավոր է ունենալու, պատրաստվո՞ւմ եք ձեր իսկ կառավարությանը հակակշիռ լինել, թե՞ առանց հակադրվելու ընդունելու եք նրա ուղարկած բոլոր նախագծերը։

-Անձամբ ես վերջին 3 ամսում առնվազն 3 անգամ անհամաձայնություն եմ ունեցել Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ։ Կարծում եմ՝ կկարողանանք համատեղել մեզանից յուրաքանչյուրի անհատականությունը և թիմային աշխատանքը ։

Իմ քայլի» ռեյտինգային թեկնածուները 2017թվի համեմատ շատ մեծ քվեներ են ստացել։ Դուք 1տարի առաջ ստացել եք 1870 ձայն, այս անգամ՝ 21,812 ձայն։Կարծում եք՝ դա պայմանավորված էր Ձեր անձով թե՞ Նիկոլ Փաշինյանի վարկանիշով։

-Դա պայմանավորված է մեր ընդհանուր գործունեությամբ։ Ինչ վերաբերում է իմ ստացած ձայներին, ապա չեք կարող ժխտել, որ վերջին 6 ամիսներին ես բավական ակտիվ եմ եղել։ Ես նաև շատ լուրջ քարոզարշավ եմ իրականացրել։

-Ճի՞շտ են տեղեկությունները, թե Դուք զբաղեցնելու եք ԱԺ նախագահի կամ փոխնախագահի պաշտոն:

-Ես չեմ ցանկանում մեկնաբանել այդ լուրերը: Ես Ալեն Սիմոնյանն եմ և աշխատելու եմ իմ անձի, քաղաքական գործչի իմ կերպարի ու կշռի վրա։ Դա կհանգեցնի ԱԺ նախագահի, փոխնախագահի, խմբակցության ղեկավարի թե պարզապես պատգամավորի պաշտոնին, ժամանակը և իրադարձությունները ցույց կտան։

որ խորհրդարանում ո՞րն է լինելու Ձեր առաջին գործը։

-ԱԺ նախագահ ընտրելը։

-Խոսքը օրինաստեղծ գործունեության մասին է։

-Չեմ կարող ասել։ Կարծում եմ՝ կզբաղվենք նախ Հարկային օրենսգրքով, սոցիալ-տնտեսական ոլորտի օրենսդրությամբ: