Սկսելու եմ պատգամավորի անձեռնմխելիության վերացման գործընթաց. Հ. Աղազարյան

դեկտեմբերի 8, 2018

Հարցազրույց Իմ քայլը դաշինքի պատգամավորության թեկնածու Հովիկ Աղազարյանի հետ: 

-Պարոն Աղազարյան, դուք ռեյտինգային թեկնածու էիք Արարատի մարզում: Ինչպե՞ս անցավ քարոզարշավը:

-Մենք քարոզարշավն անցկացրել ենք թիմով, ներկայացրել ենք մեր միասնական տեսակետը, բայց նաև անհատական շփումներ ենք ունեցել, որ ժողովուրդը հնարավորություն ունենա ընտրել իր թեկնածուին: 

- Նախկինում այս մարզում ծանրակշիռ էր Հանրապետականի ներկայությունը: Նրանց ազդեցությունը զգացե՞լ եք, խոչընդոտներ եղե՞լ են:

-2016-ին մենք հաղթանակ ենք տարել Նոր Կյանք գյուղում, ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածուն ընտրվել է գյուղապետ: Ձեր նշած ուժի կողմից որևէ խոչընդոտ չկա: Լսում ենք, որ իրենց հին կապերն ուզում են օգտագործել գյուղապետերով-բանով՝ արդյունքներ արձանագրելու համար: Էդպիսի բաներ լսում ենք, բայց ցցուն որևէ քայլ չենք նկատել:

-Ձեր մարզային շտաբում քարոզարշավի ժամանակ միջադեպ էր գրանցվել, ապտակել էին միմյանց մարզպետի օգնականն ու ևս մեկ անձ:

-Հիմա քննություն է գնում, որ գործը օրենքով սահմանված կարգով հասնի իր տրամաբանական ավարտին: Կրքերը երբեմն բորբոքվում են, վիճաբանություններ են լինում քաղաքական հարցերի շուրջ: Այդ օրը այդպես եղավ, բայց ոչ մի սարսափելի բան չկա:

-Ի վերջո ի՞նչ էր եղել:

-Մարզպետի հասցեին անհարգալից խոսակցություն էր եղել, և օգնականը այդ պահին չի կարողացել տիրապետել իրեն և ձեռքի շարժումով կպել է այդ անձին:

-Լավ, պարոն Աղազարյան, հետհեղափոխական կես տարվա Ձեր գնահատականը:

-Շատ բարձր եմ գնահատում:

-Ինչո՞ւ:

-Հենց միայն օրեր առաջ տեղի ունեցած հեռուստաբանավեճը, որին ներկա էին ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերը: Դա մշակույթ է, որը մտնում է մեր քաղաքական կյանք: Այսօր ընտրողների 90 տոկոսը գնալու է ընտրությունների առանց որևէ բացասական ազդեցության, չկան այլևս 10 հազարանոց ճնշումները, սպառնալիքները: Մենք զգոն ենք, որ շեղումներ, խախտումներ թույլ չտանք, չշեղվենք այն ուղուց, որը նախանշել ենք:

-Ընտրական օրենսգիրքը չփոփոխվեց:

-Բայց ես չեմ հիշում, որ խոստացել էին, թե Ընտրական օրենսգիրքը կփոփոխվի:

-Ձեր քաղաքական առաջնորդները բազմիցս են հայտարարել մինչև ընտրությունները ԸՕ-ն փոխելու անհրաժեշտության մասին:

-Հասկանալի է: Այս անգամ չի փոխվել, մյուս անգամ կփոխվի:

-Ինչո՞ւ եք ձգտում լինել խորհրդարանում:

-Որովհետև խորհրդարանը միակ հարթակն է, որտեղ կարելի է կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք ընկած են մեր կուսակցության գործունեության հիմքում:

-Ձեր առաջին երեք օրենսդրական նախաձեռնությունները ընտրվելուց հետո

-Առաջինը նախագիծ եմ ներկայացնելու, որ վերացվի պատգամավորի անձեռնմխելիությունը:

-Դա Ձեր դաշինքի ծրագրային կետերի՞ց է, թե՞ Ձեր նախաձեռնությունը:

-Կուսակցության ծրագրում այս առաջարկը չկա, իմ անհատական նախաձեռնությունն է: Կարծում եմ՝ թիմում խնդիր չի առաջանա, ու ծրագիրը կյանքի կկոչենք: Մյուս նախաձեռնությամբ առաջարկելու եմ, որ ընդդիմությունը դառնա պետականության մաս:

-Պաշտոննե՞ր ստանա կառավարությունում:

-Ոչ թե պաշտոններ ստանա, այլ ավելի շատ վերստուգիչ մարմիններում լուրջ դերակատարություն ունենա: Պետք է նաև փորձեմ ընթացք տալ երկպալատանի խորհրդարանական համակարգ ստեղծելու նախաձեռնությունս:

-Ինչպե՞ս կքվեարկեք՝ Ե՞Մ, թե՞ ԵԱՏՄ:

-Եթե ընտրության հարց լինի, ապա ես միանշանակ կընտրեմ ԵԱՏՄ-ն: Պարզապես պետք է այնպես անենք, որ առաջնորդվենք մեր շահերով:

-Սահմանադրությունը փոխե՞լ, թե՞ չփոխել:

-Փոփոխություններ՝ հաստատ, բայց եթե նկատի ունեք կառավարման համակարգի փոփոխությունը, ապա ես դրան պատրաստ չեմ: Վարչապետի լիազորությունների մի մասը պետք է սահմանափակել:

- Ձեր առաջնորդի լիազորություններն ուզում եք սահմանափակել:

-Չէ, պրովոկացիոն հարցեր մի տվեք (ժպտում է-հեղ.): Մեր առաջնորդն ինքն է ասում, որ պետք է որոշակի լիազորություններ կրճատվեն: Պետք է թույլ չտանք, որ լիազորությունների կուտակում լինի մեկ ինստիտուտի ձեռքում:

- Ղարաբաղյան հակամարտության հնարավորինս արագ կարգավորո՞ւմ, թե՞ստատուս քվոյի պահպանում՝ հայանպաստ լուծման սպասումով:

-Պետք է ամեն ինչ անել, որ ստատուս-քվոն պահպանվի՝ որպես մարտավարություն: Իսկ ռազմավարական իմաստով այնպես պետք է անենք, որ ուղղակի ուժեղանանք:

-Բյուջետային մեծ մուտքեր հանքարդյունաբերությա՞մբ, թե՞ համեստ բյուջե՝ առանց հանքարդյունաբերության:

-Առանց հանքարդյունաբերության, իմ կարծիքով, չի լինի, բայց զուգահեռաբար պետք է զարգանան նաև տնտեսության մյուս ճյուղերը, մասնավորապես, գիտատար արտադրությունը: Մոտակա տարիներին չեմ պատկերացնում տնտեսություն առանց հանքարդյունաբերության: Բայց այդ հանքարդյունաբերությունը պետք է իրագործվի ժամանակակից տեխնոլոգիաներով, նոր մոտեցումներով: