Հայաստանը պետք է դառնա ԵՄ լիիրավ անդամ՝ անկախ կառույցի ցանկությունից. Խ. Քոքոբելյան

դեկտեմբերի 6, 2018

Հարցազրույց «Մենք» դաշինքից պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանի հետ:

-Ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների գործունեությունը հեղափոխությունից հետո:

-Քանի դեռ Հայաստանում նորմալ ապրելու տարրական պայմանները ապահովված չեն, վիճակը մտահոգող է։ Ես, սակայն, լիահույս եմ, որ թե՛ կառավարությունը, թե՛ յուրաքանչյուրս առանձին կանենք ամեն ինչ, որ խնդիրները լուծվեն։ Մեր երկրում կա թյուրըմբռնում, թե ընդդիմությունը չարախոսելու համար է, մինչդեռ ընդդիմության հիմնական գործառույթը խնդիրներ ցույց տալն ու լուծումներ գտնելն է։

-Ինչո՞ւ եք ուզում լինել խորհրդարանում:

-Մենք միշտ պայքարել ենք այն Հայաստանի համար, որտեղ քաղաքացին իրեն հարմարավետ ու երջանիկ կզգա։ Պայքարել ենք մենաշնորհը ջարդելու, քաղաքական մրցակցություն ապահովելու համար։ Ընտրարշավի ժամանակ էլ փորձում ենք քաղաքական բանավեճ ստեղծել։ Սրանք գաղափարներ են, որոնց իրագործումն անհրաժեշտ է մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։

-Եթե «Մենք» դաշինքը հաղթահարի անցողիկ շեմը, առաջնահերթ ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ եք ներկայացնելու:

-Առաջին օրենսդրական նախաձեռնությունը վերաբերելու է մենաշնորհների վերացմանը։

-Բայց Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հայտարարում է, որ Հայաստանում մենաշնորհներ չկան։

-Մարդիկ տարբեր գնահատականներ են տալիս։ Իշխանական այն կառույցը, որտեղ մինչև հիմա նստած է Արտակ Շաբոյանը, վերջերս հայտարարեց, որ շաքարավազի ներմուծումը 93%-ից դարձել է 70%։ Ավելի ցցուն փաստ, որ ոլորտում կա տոտալ վերահսկողություն, գոյություն չունի։ Թվերը ճչում են։ Հաջորդ նախաձեռնությունները կլինեն ստվերի կրճատման, աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ։ Հայաստանում ուսուցիչների, բժիշկների, դասախոսական կազմի և առհասարակ միջին աշխատավարձի մոտ 25% բարձրացնելու հնարավորություն կա։ Ֆինանսների տեղը մենք ցույց ենք տալիս` նույն ստվերը: 3,5 մլրդ դոլար ստվերում է։

-Դուք 5-րդ գումարման ԱԺ-ում ԵՏՄ-ից դուրս գալու նախագիծ էիք ներկայացրել: Հնարավո՞ր է՝ նույն նախաձեռնությամբ նորից հանդես գաք։

-Մենք մեր սկզբունքները չենք փոխում: Հիմա էլ ասում եմ, որ Հայաստանը, վերանայելով իր հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ, ինչը մեզ բացարձակ օգուտ չի տվել, պետք է քայլ առ քայլ մոտենա Եվրամիության, ընդհուպ մինչև լիիրավ անդամ դառնալը, նույնիսկ եթե ԵՄ-ում այդ ցանկությունը չկա։ Երբեմն ասում են, որ այլընտրանք չկա, բայց այլընտրանքը չեն նվիրում, ստեղծում են։ Վայ այն իշխանությանը, որն այլընտրանքի մասին չի մտածում։ Հասարակությունը պատվիրակում է քաղաքական ուժերին, կառավարությանը, որպեսզի այլընտրանք ստեղծեն ու զարգացման ավելի արդյունավետ ճանապարհ ապահովեն։ Այսօր կա շատ պարզ իրողություն. Հայաստանը, մտնելով ԵԱՏՄ, տնտեսության որևէ խնդիր չի լուծել։ Հայաստանում գազի գինը դեռևս մատչելի չէ։ Հստակ ասում եմ՝ առնվազն 30%-ով կարելի է գինը իջեցնել, և անհրաժեշտ է իջեցնել։ Մենք»-ն այն ուժն է, որը չունի որևէ կաշկանդվածություն այդ խնդիրը բարձրացնելու և մյուսներին այն պարտադրելու առումով։

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը խոսել էր այդ մասին: Դա բավարար չէ՞ր։

-Բնականաբար, ոչ։ Գործուն մեխանիզմներ կան, պետությունն ունի համապատասխան գործիքակազմ և պետք է օգտագործի դա։ Խնդիրները շատ են, և դրանց լուծմանը ժողովուրդը սպասում է, բայց սպասելու ժամանակ չկա։

-Բյուջետային մեծ մուտքեր հանքարդյունաբերությա՞մբ, թե՞ համեստ բյուջե՝ առանց հանքարդյունաբերության:

-Մեր նախընտրական ծրագրում կա կետ, որ հանքարդյունաբերության մեջ պետությունը չպետք է կենտրոնանա միայն հումքի արտահանման վրա։ Պետք է լինի բնապահպանական նորմերի խիստ պահպանություն, դա անքննելի է։ Մենք նաև պարտադրելու ենք, որ 5 տարվա ընթացքում վերամշակման կոմբինատներ հիմնվեն, որոնք կստեղծեն լրացուցիչ աշխատատեղեր, որպեսզի ոլորտի եկամտաբերությունը բարձր լինի։ Հայաստանը պետք է լինի ժամանակակից տեխնոլոգիաներ արտահանող երկիր։ Հայաստանը պետք է դարձնենք տաղանդների ներքաշման, ներդրումների, ներգրավման երկիր։ Դրա համար Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները, պարզապես պետք է ճիշտ թիրախավորում անել։ Գիտեք, որ այս տարի ներդրումները 11 անգամ նվազել են։

-Ո՞ րն է պատճառը։

-Շատ պատճառներ կան։ Ներդրումները պետք է լինեն թիրախավորված, պետք են բարենպաստ պայմաններ, հարկային բարենպաստ։ Մենք ունենք ծրագրային դրույթ այն մասին, որ 10 մլն դոլար և ավելի ներդրումներ անողը, որը կստեղծի 100 և ավելի աշխատատեղ, պետք է առնվազն 5 տարով շահութահարկից ազատվի։

- Նոր իշխանությունը ներդրումների համար պայմաններ չե՞ն ստեղծում։

-Առնվազն նման ծրագրային դրույթ չունեն։ Հայաստանում ամենաքիչը՝ մեկ, ամենաշատը՝ 3 տարում ներդրումների միջոցով կարելի է 140 հազար աշխատատեղ ստեղծել։ Ես` որպես ազատական գործիչ, աշխատատեղ բացող չեմ, բայց պետությունը պարտավոր է ապահովել այնպիսի պայմաններ, որ գործարարը շահագրգիռ լինի ստեղծելու այդ աշխատատեղերը։

-Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

-Անշուշտ։ Սահմանադրութան մեջ մեծ աղավաղումներ կան։ Երևի աշխարհի այն եզակի Սահմանադրությունն է, որ չի երաշխավորում տարածքային ամբողջականությունը։ Պատկերացնո՞ւմ եք։ Կա վարչապետի ու նախագահի լիազորությունները հավասարակշռելու անհրաժեշտություն։ Գործող մայր օրենքը կարվել է նախկին իշխանության հագով։ Եվ ցավում եմ, որ Հայաստանում Սահմանադրությունը հաճախ է փոխվում։

-Ղարաբաղյան հակամարտության հնարավորինս արագ կարգավորո՞ւմ, թե՞ ստատուս քվոյի պահպանում՝ հայանպաստ լուծման սպասումով:

-Արցախի հակամարտության լուծման համար պետք է ամեն օր աշխատել։ Մենք այդ հարցում համապարփակ առաջարկ ունենք. դա պետք է լինի փաթեթային և սիմետրիկ բանակցային գործընթաց`անշուշտ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Մենք, սակայն, գտնում ենք, որ փոխզիջումնային տարբերակը պետք է լինի բացառապես Արցախի ինքնորոշմանը, կարգավիճակի հստակեցմանը զուգընթաց: Պետք է ապահովել նաև Արցախի ազգաբնակչության միջազգային անվտանգությունը։