Կսմիթներ և սպառնալիք. մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

նոյեմբերի 26, 2018

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ նոյեմբերի 26-ին մեկնարկած քարոզարշավի առաջին օրը թեժ անցավ՝ ուրվագծելով նախընտրական մենամարտի առայժմ 2 ձևաչափ՝ ՀՀԿ-«Իմ քայլը», «Իմ քայլը»-«Սասնա ծռեր»:

Նիկոլ Փաշինյանը՝ Թալինից

«Իմքայլը» դաշինքը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավն սկսեց Արագածոտնի մարզից. եղավ Թալինում, Ուջանում, այնուհետև՝ Շիրակի մարզում: Քարոզարշավի 2-րդ օրը «Իմ քայլը» դաշինքը կանցկացնի Լոռու մարզում:

«Մենք եկել ենք ձեզ կոչ անելու, որ այս ընտրություններում դուք վստահության քվե տաք «Իմքայլը» դաշինքին, բայց մեր նպատակն այն է, որ ՀՀ-ում տեղի ունենալիք բոլոր ընտրություններում հաղթող լինի մի սուբյեկտ` ՀՀքաղաքացին», -Թալինում հայտարարեց Փաշինյանը: Մարալիկում Փաշինյանի թիրախը ՀՀԿ-ն էր. «Էսօր «Հանրապետական» կուսակցությունը դուրս ա եկել մեյդան, տապանաքարի նման էդ պլակատներն էլ սարքել են՝ սևով և ճիշտ էլ արել են, որովհետև այս ընտրությունները պետք ա արձանագրեն «Հանրապետական» թալանչիների քաղաքական մահը»: Նա ասաց, թե 20 տարուց ավելի երկիրը «թալանած «Հանրապետական» -ին պետք է նետել քաղաքական աղբանոց: Անվանեց ՀՀԿ-ականներին «սերմացու գողացող մկներ, բանակը թալանածներ: Մարալիկցիներին, սակայն, այս հետաքրքրում էր իրենց քաղաքապետի՝ Արտակ Գաբրիելյանի հարցը: Մի քաղաքացի հարցրեց. «Պարոն Փաշինյան, Արտակ Գևորգյանն ինչի՞ բանտում չէ»: Անուն-ազգանունը Փաշինյանին ծանոթ չէր: Երբ իմացավ, թե ում մասին է խոսքը, ասաց. «Ա՛յ ցավդ տանեմ, աշխարհն աշխարհով, դու քո ԱրտակԳևորգյանով»:

ՀՀԿ-ն՝ Մելիք-Ադամյանից

ՀՀԿ-ի քարոզարաշավի մեկնարկը Երևանում էր, կենտրոնական գրասենյակում: Արմեն Աշոտյանն ու Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեցին կուսակցության ծրագիրը: Ծրագիրը անուն էլ ունի՝ «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր «Հանրապետականին»: «Մենք պատկանում ենք այն քաղաքական ուժերի թվին, որոնք ունակ են ստեղծել քաղաքական բովանդակություն: Մենք հպարտ ենք այս ծրագրով», -հայտարարեց Աշոտյանը:   Բացատրեց նաև, թե ինչու են իրենց պաստառները սև-սպիտակ. «Հայսաստանին պարտադրված խաղի կանոնը սև ու սպիտակէ, բայց անգամ այս իրականության մեջ, որը մեզ պարտադրվել ու թելադրվել է, մենք կարող ենք ու պարտավոր ենք թելադրել սեփական քաղաքական օրակարգը». սև-սպիտակ գրքույկի միջից նա հանեց եռագույն ներդիրները: Ասաց, որ հենց դա է բնորոշում ծրագրի ներքին երեսը: Աշոտյանը Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը մեծ անակնկալ խոստացավ:

Քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ն ժողովրդից չի թաքնվելու: Աշոտյանի խոսքով՝ հասարակության հետ շփումից չեն խորշում, բայց դա «չի կարող լինել զանգվածի հետ շփվելու տրամաբանությամբ, որովհետև մեր հայրենակիցներին չենք դիտարկում որպես զանգված կամ տեսախցիկների համար ֆոն ապահովել»:

«Սասնա ծռեր»-ը՝ Ազգային ժողովից

«Սասնա ծռեր» համապետական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը Բաղրամյանի 19-ի բակից կանխատեսեց, որ դեկտեմբերի 9-ին ձևավորվելիք խորհրդարանը երկար կյանք չի կարող ունենալ, և 1,5-2 տարի հետո Հայաստանում պետք է անցկացվեն խորհրդարանական նոր ընտրություններ: Ավետիսյանը բացատրեց՝ ինչու. «Առաջիկա խորհրդարանը պատկերացնում ենք որպես անցումային խորհրդարան։ Մենք հենց այդպիսի ծրագիր ենք ներկայացրել, և մեր կարծիքով՝Ազգային ժողովը երկու տարի հետո այլևս պետք է ամփոփած լինի իր անցումային փուլի անելիքը, և նորից պետք է արտահերթ ընտրությունների գնանք։ Նախատեսում ենք, որ այդ ընթացքում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն, և հենց դրա հիմքով պետք է լինեն նոր, արտահերթ ընտրություններ»։

Ավետիսյանի այս միտքը, սակայն, Փաշինյանն անարձագանք չթողեց, և Արթիկում նա բավական կոշտ հայտարարությամբ հանդես եկավ. «Էդ դուք իրո՞ք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափերը, ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ: Մՙեր ժպիտներն ու քաղաքավարությունը որևէ մեկը թող չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն։ Այդպիսի մի քանի դեպք եղելէ, և այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը: Ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա գնալ այդ ճանապարհով՝ ով ուզում է լինի»:

«Լուսավոր Հայաստան»՝ Ագարակից

«Լուսավոր Հայաստան» բաժանվել է քարոզչական երկու թիմի: Մանե Թանդիլյանի գլխավորած թիմը շրջում էր Երևանում, իսկ Էդմոն Մարուքյանինը՝ մեկնել էր Հայաստանի հարավ:

Մարուքյանն իր հանդիպումներում բացատրում էր, որ Հայաստանում իշխանության հարցը լուծված է, և ընտրություններում պետք է որոշվի, թե որն է լինելու երկրորդ ուժը: Իրենք հավակնում են հենց այդ երկրորդ տեղին:

«Ձեր միջից դուրս եմ եկել, ձեզանից մեկն եմ և հիմա պատրաստվում եմ գնալ խորհրդարան: Աջակցեք ձեր շահերը ներկայացնել խորհրդարանում», -գորիսցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարուքյանը:

Հ. Յ. Դաշնակցությունը՝ Արամ Մանուկյանի արձանի մոտից

Դաշնակցության առաջին հանդիպումը նշանավորվեց ուշագրավ հայտարարություններով: Մասնավորապես, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Հայաստանում անցումային շրջան է, երբ առաջացել են լուրջ մարտահրավերներ ու վտանգներ: Նա ասաց, թե երկրում տեղի է ունեցել վարչակազմի փոփոխություն, բայց ոչ հեղափոխություն:

«Հեղափոխությունն առջևում է: Իսկական հեղափոխությունները սկսվում են իշխանության գալուց: Կեղծ հեղափոխություններն ավարտվում են իշխանության գալով», – հիշեցրեց Ռուստամյանը:

Ռուստամյանը մի քանի ակնարկ արեց նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ՝ հիշեցնելով Փաշինյանի այն հայտարարությւոնը, որ Ծառուկյանը օլիգարխ չէ, այլ «խոշոր սեփականատեր» ու եզրակացրեց. «Թերևս դա նրանից է, որ այսօր նրանք դարձել են յուրային»:

«Քաղաքացու որոշում»-ը՝ Մաշտոցի պուրակից:

Նորաստեղծ ՔՈ-ի երիտասարդ անդամները Մաշտոցի պուրակում անծանոթներին բաժանում էին մանդարին ու իրենց ծրագիրը: «Մեր քաղաքական դաշտի համար թարմություն է պետք։ Ես մեծ հույսեր ունեմ ու համոզված եմ, որ այդ թարմությունը մենք բերելու ենք։ Որպես միասնականության սիմվոլ՝ Հայաստանում օգտագործում էին նուռը, իսկ մենք կարծում ենք, որ այդ ամենը մանդարինը ավելի շատ է բնութագրում. որ բացեք, միանգամից կհասկանաք՝ հավասար բաժանելու, միասնական լինելու շատ լավ սիմվոլ է։ Բացի այդ, մանդարինը Նոր տարվա տոնական տրամադրություն է առաջացնում», - մանդարիններ բաժանելու իմաստը բացատրեց համամասնական ցուցակի 4-րդ տեղը զբաղեցնող Արեգ Թադևոսյանը։

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»-ը Էջմիածնից

ՔԺՎ ներկայացուցիչներն Էջմիածնում էին. նրանք սուրբ Հռիփսիմե եկեղեցում աղոթեցին երկրի բարօրության և քարոզարշավի խաղաղ ընթացքի համար, զրուցեցին հոգևոր սպասավորի հետ: Եեղեցու բակում ճերմակ աղավնիներ բաց թողնելուց հետո քայլերթով հասան Սուրբ Հռիփսիմեի տաճար, հետո Էջմիածնի հրապարակ, ապա մեքենաներով դեպի Արմավիր և այլ բնակավայրեր

«Բարգավաճ Հայաստանը»՝ մամուլի ակումբից

ԲՀԿ-ն բաժանվել է թևերի. կուսակցության ակտիվ թեկնածուները Հայաստանի տարբեր բնակավայրերում են: Երևանում ծրագիրը ընտրողներին ներկայացրին Միքայել Մելքումյանն ու Գևորգ Պետրոսյանը: Նրանք հայտարարեցին, որ իրենք քարոզարշավին մասնակցում են ոչ թե մյուս ուժերին մրոտելու, այլ իրենց ծրագրերը քարոզելու համար: Ակտիվ կուսակցականներից Նաիրա Զոհրաբյանը կենտրոնացել է թիվ 12 ընտրատարածքում, որտեղ քարոզարշավի առաջին օրը հանդիպումներ է ունեցել Սյունիքի մարզի տարբեր գյուղերի բնակիչների հետ: