Լինելու ենք ժողովրդի ձայնը նոր խորհրդարանում. Լուսինե Հարոյան

նոյեմբերի 26, 2018

Հարցազրույց «Ազգային առաջընթաց» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանի հետ: Կուսակցությունը ընտրություններից հազիվ մեկ ամիս առաջ է գրանցվել, նախընտրական պայքարին մասնակցում է առաջին անգամ: Միակ քաղաքական ուժն է, որի համամասնական ցուցակը կին է գլխավորում: 

-Ո՞վ եք դուք, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել։

-«Ազգային առաջընթաց» կուսակցությունը ստեղծվել է «Մենք ենք տերը մեր երկրի» շարժման հիմքի վրա։ Մեր կուսակցության որոշ անդամներ նախկինում եղել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, մասնակցել են տարբեր նախաձեռնությունների։ Մինչև հիմա քաղաքական գործընթացներին, ընտրություններին մասնակցելն անիմաստ ենք համարել, այժմ, սակայն, կարծում ենք, որ լիարժեք գործունեության համար բացառիկ հնարավորություններ են ստեղծվել։ Մեր նպատակը միայն մասնակցելը չէ։ Կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը նաև ընտրություններից հետո։ Մեր թիմում հավաքված են մասնագիտորեն կայացած և քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող մարդիկ, որոնք իսկապես մտահոգ են ու ցանկանում են երկրում համակարգային փոփոխություններ տեսնել։ Ճիշտ է՝ վատ անձը գնաց, եկավ լավը, բայց համակարգային փոփոխություններ երկրում տեղի չունեցան։ Կարծում ենք, որ եթե ուզում ենք հիմքից փտած բուրգը քանդել ու կառուցվել նոր «շենք», ապա պետք է մասնակցենք ընտրություններին։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես տուրիզմի ոլորտում եմ աշխատել, աշխատում եմ նաև այժմ, ակտիվ եմ եղել քաղաքացիական շարժումների ժամանակ։ Որոշեցի մտնել քաղաքականություն, որովհետև ինձ միշտ մտահոգել են Հայաստանի առջև տարիներ շարունակ ծառացած խնդիրները, որոնք այդպես էլ մնացել են չլուծված։ Հիմա մենք դրանք լուծելու ծրագիր ենք առաջարկում։

-Դուք անդամակցել եք «Հիմնադիր խորհրդարանին», որի անդամների մեծ մասը «Սասնա ծռեր» կուսակցության կազմում մասնակցում է ընտրություններին։ Ինչո՞ւ բաժանվեցին ձեր ճանապարհները։

-«Հիմնադիր խորհրդարանի» խնդիրն ի սկզբանե նախկին իշխանությունների դեմ պայքարելն էր, հանցագործ բուրգից ազատվելու մեթոդներ մշակելը: Երբ այդ ամենը տեղի ունեցավ, կառույցի անդամներից շատերը գնացին տարբեր ուղղություններով:

- Ձեր նշած բուրգի ներկայացուցիչները հավակնում են խորհրդարանում երկրորդ ուժը և հիմնական ընդդիմադիրը դառնալուն։

-Ցավոք, նախորդ համակարգի ներկայացուցիչները մասնակցում են ընտրություններին, թեպետ մեծ հույս ունեինք, որ քաղաքական հայտ այլևս չեն ներկայացնի։ Ցավալիորեն նրանց քարտ-բլանշ է տրվել։

-Ու՞մ կողմից։

-Խորհրդարանի, որը տապալեց Ընտրական օրենսգրքի ընդունումը։

-Նոր ընտրական օրենսգիրքը Հանրապետականին կխանգարե՞ր մասնակցել ընտրություններին։

-Հին Ընտրական օրենսգրքով նրանց շանսերը մեծանում են։ Նույն ռեյտինգային համակարգը Հանրապետականն է ներդրել, թաղային հեղինակությունները էլի նրանց կողքին են։ Դրա համար ենք պնդում, որ բուրգը մնացել է, համակարգային փոփոխություններ չեն կատարվել։ Նիկոլ Փաշինյանը թեև նշում էր, որ ԸՕ բարփոխումը առաջնահերթություն է, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ։

-Հետհեղափոխական կես տարվա Ձեր գնահատականը:

-Ընդգրկուն հարց եք տալիս: Ապրիլյան հեղափոխությունն իսկապես զարթոնք էր բոլորիս համար: Փաշինյանը հռչակեց սկզբունքներ, որոնք հետհեղափոխական Հայաստանում դեռ ակտուալ են: Մենք առայժմ ձեռնպահ ենք մնում հեղափոխական կառավարության գործունեությանը կտրուկ գնահատականներ տալուց, քանի որ նախորդ համակարգն այնպես է խեղաթյուրել ամեն ինչ, բոլոր ոլորտները, որ համակարգային փոփոխություններ շատ արագ չեն կարող կատարվել: Մյուս կողմից՝ մեզ համար անհասկանալի է Փաշինյանի այն հայտարարությունը, թե ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները կատարվել են: Փաշինյանն ասում էր, որ Ընտրական նոր օրենսգիրք, Կուսակցությունների մասին նոր օրենք պետք է ընդունվի, օլիգարխները պետք է հեռու մնան քաղաքականությունից, բայց, ինչպես տեսնում ենք, այդպես չեղավ՝ օլիգարխը դարձավ սեփականատեր, ավելին՝նրա հետ հուշագիր ստորագրվեց: Հեղափոխության արժեքների ցանկացած խմբագրում մեզ համար ընդունելի չէ: Եթե ամփոփեմ, կարող եմ ասել, որ հետհեղափոխական Հայաստանն այժմ սպասողական վիճակում է:

-Ինչո՞ւ եք ձգտում լինել խորհրդարանում:

-Մՙենք ունենք ծրագիր և ձգտում ենք իրագործել այն: Մեր կարգախոսն է՝ «Նոր իրավիճակ, նոր լուծումներ»: Մեկ բառով կարող եմ ասել՝ մենք լինելու ենք ժողովրդի ձայնը Ազգային ժողովում: Բացի դրանից ՝ ԱԺ ենք գնում համակարգային փոփոխություններ կատարելու: Մեր ծրագրում կգտնեք այնպիսի կետեր, որոնք չկան այլ ուժերի ծրագրերում: Օրինակ, մենք առաջարկում ենք վերացնել պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը և ստեղծել պատգամավորի հետկանչի մեխանիզմ:

-Ձեր առաջին երեք օրենսդրական նախաձեռնությունները ընտրվելուց հետո:

-Մեր առաջին նախաձեռնությունը կվերաբերի սահմանադրական փոփոխություններին: Վարչապետին տրված մեծ լիազորությունները պետք է կրճատվեն: Մենք կառաջարկենք նաև Ընտրական օրենսգրքի փոփոխություն. ռեյտինգային ընտրակարգից միանշանակ պետք է հրաժարվել, 10 մլն ընտրագրավից նույնպես: Երրորդ օրենսդրական նախաձեռնությամբ կաշխուժացնենք մարզային տարածքները: Մենք առաջարկում ենք ներդնել կառավարման ապակուսակցական համակարգ, կատարել վարչատարածքային նոր բաժանում, որով մարզերի փոխարեն կլինեն 3 շրջաններ: Դրանք կղեկավարեն շրջանային խորհուրդները:

-Ինչպե՞ս կքվեարկեք՝ Ե՞Մ, թե՞ ԵԱՏՄ:

- Արտաքին քաղաքականությունն այն ոլորտն է, որտեղ կտրուկ քայլերն ընդունելի չեն:Բոլոր պետությունների, կազմակերպությունների հետ առողջ հարաբերությունների զարգացման կողմնակից ենք: Մենք ԵՄ քաղաքական արժեհամակարգի կրողն ենք, իսկ ԵԱՏՄ անդամ երկրներում դիկտատորական համակարգ է: Բնականաբար, մենք չէինք ցանկանա տեսնել Հայաստանն այդ երկրների կողքին, բայց հիմա այդպես է:

-Ղարաբաղյան հակամարտության հնարավորինս արագ կարգավորո՞ւմ, թե՞ստատուս քվոյի պահպանում՝ հայանպաստ լուծման սպասումով:

- Արագ կարգավորում այս պահին հնարավոր չէ, քանի որ դրա համար դեռևս անելու շատ բան ունենք: Ստացվում է, այո, մենք պետք է պահպանենք ստատուս-քվոն՝ որոշ միջոցառումներ իրականացնելով: Մենք առաջարկում ենք Արցախի ամբողջ շփման գծի երկայնքով տեղակայել ռազմական տեխնիկա, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել զոհերի թիվը: Կոնկրետ լուծումներ ենք առաջարկում Արցախի տարածքում գտնվող բնակավայրերի վերաբնակեցման ուղղությամբ: Առաջարկում ենք Արցախի ինքնորոշման, անկախության հանրաքվե: Պետք է ընդգծեմ՝ եթե որևէ ուժ հանկարծ փորձի զիջումների գնալ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում, ինքն իր մահկանացուն կկնքի:

-Բյուջետային մեծ մուտքեր հանքարդյունաբերությա՞մբ, թե՞ համեստ բյուջե՝առանց հանքարդյունաբերության:

-Մեծ բյուջե, խոշոր գումարային մուտքեր՝ առանց հանքարդյունաբերության: Դա էլ մեր ծրագրային կետերից մեկն է: Հայաստանի բյուջեի մեծ մասը ձևավորվում է հանքարդյունաբերությունից, բայց՝ գիշատիչ հանքարդյունաբերությունից: Պետք է մեկ առ մեկ հետ կանչել լիցենզիաները ու ուսումնասիրել, թե ինչի հիման վրա են դրանք տրվել: Մենք հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղի կարգավիճակում չենք տեսնում; Այդպիսին պատկերացնում ենք տեքստիլ արդյունաբերությունը, արևային էներգիայի ստացումը, տուրիզմը: Իսկ հանքարդյունաբերության ոլորտում առաջարկում ենք ներդնել շատ ավելի բարձր հարկեր, որ ընկերությունները հաշվարկեն՝ արդյունավե՞տ է մի քանի գրամ ոսկու համար արդյունահանում իրականացնել, թե՞ ոչ: