Սիրո ու համերաշխության համաներում

հոկտեմբերի 31, 2018

5 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի իշխանությունները համաներում են նախաձեռնել։ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի բնորոշմամբ՝ հայտարարվում է վերջին տարիների ամենաընդգրկուն համաներումը:

«Մենք ունենք համեմատական տեղեկանք՝ 2009, 2011, 2013 և 2018 թվականների համաներման ակտերի վերաբերյալ։ Որևէ համաներում, որ իրականացվել է նախկինում, չի համեմատվում այս համաներման ծավալների հետ։ Սա ամենաընդգրկունն ու ամենաընդարձակն է», -հայտարարեց Արտակ Զեյնալյանը։

Համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց 72 կողմ ձայնով։ Դեմ, ձեռնպահ քվեարկողներ չկային։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կընդունվի նոյեմբերի 1-ի արտահերթ նիստում։

Ովքե՞ր են համաներվում

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ է կրում 2888 անձ։ Համաներում արդյունքում պատժից կազատվի 270 դատապարտյալ կամ դատապարտյալների շուրջ 10%-ը, 396 անձի կամ դատապարտյալների 15%-ի պատժի չկրած մասը կկրճատվի։ Համաներումը կվերաբերի նաև պրոբացիայի տակ գտնվող 2720 և Քննչական կոմիտեում քննվող շուրջ 6000 քրեական գործերով անցնող 1096 անձի։

Կառավարությունն առաջարկում է պատժից ազատել առավելագույնը 4 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց, նրանց, ում նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ հետաձգվել է, նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտվածներին:

Նախագծով առաջարկվում է նաև պատժից ազատել առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին, օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց, 3 կամ ավելի անչափահաս երեխա ունեցողներին և 60 տարին լրացած անձանց։

Համաներմամբ պատժից ազատվելու են նաև հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած և դատվածություն չունեցող անձինք, անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվածները, ինչպես նաև առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և պատժի մեկ երրորդը կրած անձինք:

Համաներումն ունի նաև քաղաքական բաղադրիչ. տարածվում է 2016 թ. հունիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների մեծ մասի վրա։ Նրանք կարող են ազատ արձակվել պատժից, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված կամ ֆիզիկական վնաս կրած տուժածները։

Համաներումը, սակայն, չի կիրառվի «Սասնա ծռերի» այն անդամների նկատմամբ, որոնք մեղադրվում են գնդում 3 ոստիկանների սպանության համար։ Պատժից ազատվողների թվում են Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավլիկ Մանուկյանը և մյուսները։ ՊՊԾ գնդում ոստիկանների սպանության համար մեղադրվում են «Սասնա ծռերից» Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը:

Համաներումը կընդգրկի մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը կատարված հանցագործությունների դեպքերը։

«Համաներման շահառուների քանակն ավելի քան 6500-ն է, այսպիսի թիվ չի եղել։ 6500 շահառու, գնահատեք ինքներդ՝ աննախադե՞պ է, թե՞ ոչ», -ասաց պաշտոնյան։

«Հավասարակշռված» համաներում՝ հաշտեցնելու համար

Խորհրդարանական խմբակցությունների դիրքորոշումը նախագծի վերաբերյալ միանշանակ էր՝ համաներումը մարդասիրական քայլ է և պետք է կիրառվի։ Հանրապետական խմբակցությունն ուներ որոշակի վերապահումներ, ներկայացրել էր առաջարկություններ, որոնք, ինչպես ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, ընդունվել էին կառավարության կողմից։ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության որոշ պատգամավորներ կառավարությանն առաջարկեցին համաներման թիրախում ընդգրկել նաև ցմահ դատապարտված 93 անձանց որոշ խմբերի։ Կառավարության դիրքորոշումն այս հարցում անփոփոխ էր. ծանր հանցագործություն կատարած անձինք չեն կարող համաներմամբ ազատ արձակվել։

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ ցմահ դատապարտյալների գործերին պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի և նրանց պարագայում պետք է կիրառվեն այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը, ներումը, պատժաչափի փոփոխությունը։

Նա հիշեցրեց վերջերս պայմանական վաղաժամկետ ազատ արձակված ցմահ դատապարտյալներից մեկի օրինակը ու կատարվածը Հայաստանի պատմության մեջ աննախադեպ երևույթ որակեց: Ազաց, որ ցմահ դատապարտյալներից ստացվել են ներման դիմումներ, որոնց նկատմամբ «կանխակալ վերաբերմունք» իշխանությունը չունի:

«Այս համաներումը պետք է դիտարկել հումանիստական ակտի լույսի ներքո։ Համաներումը պարտականություն չէ կառավարության համար, և կառավարությունը մեծ սիրով է համաներում հայտարարում՝ հաշտեցնելու հասարակությանը: Նաև զոհերի անունից է սա իրականացնում, բայց միաժամանակ այս ամենը պետք է լինի հավասարակշռված, չլինի անարդար զոհերի նկատմամբ», -հայտարարեց Զեյնալյանը։