Մեր ընդդիմախոսների ազնվությանը չեմ հավատում. Ա. Հովհաննիսյան

նոյեմբերի 1, 2018

-ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանում Հայաստանը ներկայացնելու է նոր պատվիրակությունը, Դուք իր գործունեությունն արդեն ավարտող պատվիրակության ղեկավարն եք. ի՞նչ եք թողնում եկող խորհրդարանին:

-Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում հայկական հաջորդ պատվիրակությանը վատ անակնկալներ՝ հակահայկական բանաձևերի կամ ակնթարթորեն քվեարկության դրվող պատրաստի զեկույցների, բանաձևերի տեսքով, չեն սպասվում։ Այս պատվիրակությունը իր աշխատանքը կատարել է պատվով և որևէ խնդրահարույց հարց հաջորդ պատվիրակությանը չի փոխանցվում։ Հաջողություն մաղթելով այդ պատվիրակությանը՝ ուզում եմ նշել, որ այնտեղ ավելի քան անհրաժեշտ է կենտրոնացված ուշադրություն. ամենօրյա, ամենժամյա տանջալից աշխատանք, որպեսզի կարողանաս պատշաճ ներկայացնել Հայաստանի ազգային և պետական շահը։

-Ծանր չէ՞ Ձեզ համար։

-Ամենևին. սա աշխատանք է և այդ աշխատանքի շրջափուլի ավարտ։

-Ազգային ժողովը երկրորդ անգամ չընդունեց Ընտրական օրենսգիրքը։ Դուք դեմ էիք դրան, հաղթանակա՞ծ եք Ձեզ զգում։

-Այո, Ազգային ժողովը երկրորդ անգամ չընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, բայց հաղթանակած զգալ-չզգալու խնդիր բացարձակ չկա։ Կարծում եմ՝ տեղի ունեցավ ճշմարտության հաղթանակ, որովհետև Ընտրական օրենսգիրքը, որը չափազանց կարևոր քաղաքական փաստաթուղթ է, երկրի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող իրավական ակտ, արժանի է պատշաճ քննարկման և՛ երկրի ներսում, և՛ միջազգային կառույցներում. այն պետք է քննարկվեր այդ կառույցներում փորձաքննություն անցնելուց հետո: Այլ պայմաններում ԸՕ-ն պատշաճ կքննարկվեր և, անկախ խորհրդարանում եղած համաձայնությունից, բոլոր դեպքերում որևէ ողբերգական իրադարձություն չէր լինի: Այս իրավիճակը բացառիկ է, որովհետև դեկտեմբերյան ընտրությունները և դրանից մեկ ակնթարթ առաջ օրենսգիրք փոխելը, ըստ էության, կոնսենսուսի անհրաժեշտությունը դարձնում են կենսական պայման։ Իսկ կոնսենսուս չկա՝ հաշվի առնելով վերը նշված պատճառները.

-Ձեր ընդդիմախոսները պնդում էին, որ ԸՕ-ի փոփոխությունները ՀՀԿ-ի շահերից էին բխում, քանի որ առաջարկվում էր խորհրդարանական ուժերի նվազագույն թիվը դարձնել 4՝ 3-ի փոխարեն: Համաձա՞յն եք:

-Գիտեք, ես մեր ընդդիմախոսների ազնվությանը չեմ հավատում, չեմ հավատում, թե նրանք ՀՀԿ-ի լավագույն շահի մասին են մտածում։ Եթե ՀՀԿ-ի շահի մասին մտածում են, ճիշտ կլինի հանիրավի մեղադրանքներ չհնչեցնեն, սևերի ու սպիտակների չբաժանեն, առիթ-անառիթ չքննադատեն, համահարթեցման սկզբունքով բոլորին մի արշինով չչափեն և բազմաթիվ այլ գործողություններ, որոնք մեր ընդդիմախոսները ՀՀԿ-ի նկատմամբ իրենց թույլ են տալիս։ ՀՀԿ-ն ինքը կորոշի՝ որն է առաջնային իր համար, որն է ձեռնտու, որն է բխում իր քաղաքական շահից։ Սահմանադրական օրենքի քննարկումները ոչ թե քաղաքական շահի, այլ քաղաքական սկզբունքի մասին էին։ Փաստ չէ, որ, այսպես կոչված, «ռեյտինգային» ընտրակարգը այս փուլում ձեռնտու է ՀՀԿ-ին։ Մենք խոսում ենք Ընտրական օրենսգրքի՝ բոլորի և ոչ թե միայն մեկ քաղաքական ուժի համար ընդունելի տրամաբանության մասին։

-Իսկ ռեյտինգային ընտրակարգը, իսկապե՞ս, չի բխում ՀՀԿ-ի շահերից:

-Փաստարկները, թե ռեյտինգայինը շահավետ է ՀՀԿ-ի համար, բերվում են՝ հաշվի առնելով նախորդ ընտրությունների իրողությունները։ Բայց այսօր փոխվել են դեպքերն ու դեմքերը, հետևաբար, ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելուց առաջ պետք է քննարկումներ ունենա և հասկանա նաև «ռեյտինգային» ընտրակարգի՝ այս պահին հարմար լինելու հանգամանքը։

-ՀՀԿ-ում դեռ ընտրություններին մասնակցելու որոշում չունի՞:

-Այս պահի դրությամբ դեռ որոշում չկա, բայց ավելի հավանական է ընտրություններին մասնակցելը։

-Եթե ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, Դուք կլինե՞ք ցուցակում։

-Սպասեք և կտեսնեք

-Վարչապետը հայտարարում է, որ հաջորդ խորհրդարանում գործարարներ չպետք է լինեն, բայց օրերս հայտարարվեց, որ Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու, և ինքն անձամբ է կազմելու կուսակցության ցուցակը։ Հակասություն չե՞ք տեսնում։

-Արված հայտարարությունների և իրականության միջև հակասությունը պետք է տեսնի ու գնահատի առաջին հերթին հայտարարությունն անողը։ Ինքն է հայտարարել, տարատեսակ ձևակերպումներ տվել գործարարներին, ինքն էլ պետք է այս հարցի վերաբերյալ հայտնի իր մոտեցումը։

-Եթե հաջորդ խորհրդարանում չլինեք, կթողնե՞ք քաղաքականությունը:

-Կյանքը շարունակվում է, կզրուցենք խորհրդարանական ընտրություններից հետո։