Սամվել Ալեքսանյան. ինչո՞ւ է նա անհանգիստ

հոկտեմբերի 28, 2018

Սամվել Ալեքսանյանը պատգամավոր է 15 տարի՝ 2003 թվականից: ՀՀԿ խմբակցությանն անդամակցել է միայն 2012 թվականից, բայց դա կապ չունի. նա միշտ քվեարկել է ինչպես ՀՀԿ-ականները, մեծամասնությունը, այսինքն, միշտ՝ ինչ-որ մեկի ասելով: Հոկտեմբերի 24-ին վարչապետ ընտրելիս՝ նա արեց այնպես, ինչպես ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին՝ առաջին անգամ լինելով փոքրամասնություն, ավելին՝ միակը ամբողջ խորհրդարանում: Ավելի ուշ Ալեքսանյանը բացատրեց, որ պատահաբար է «դեմ»-ի կոճակը սեղմել, բայց դրանից Ալեքսանյան-Փաշինյան հարաբերությունների ուշագրավ պատկերը չի փոխվում:

Փաշինյանը պահանջում էր զրկել մանդատից

2012-ի մարտին, դեռևս որպես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Նիկոլ Փաշինյանը պահանջել է, որ Սամվել Ալեքսանյանին զրկեն պատգամավորական մանդատից: Նա նամակ է հղել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին՝ նշելով, որ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ԱԺ 4-րդ գումարման նստաշրջանում կեսից ավելին  բացակայել է, ինչը ենթադրում է, որ նա պետք է զրկվի մանդատից: Նիկոլ Փաշինյանը պահանջել է ներկայացնել այն հիմքերը, որոնց հիման վրա Սամվել Ալեքսանյանի բացակայությունները հարգելի են համարվել:

Փաշինյանը պահանջում էր զրկել գրանցումից

2012թ. ապրիլին արդեն Փաշինյանը պահանջում է, որ ուժը կորցրած համարեն Սամվել Ալեքսանյանի գրանցումը՝ որպես պատգամավորության թեկնածու: Դիմումը մերժվել է: Մեծամասնականով նա և Սամվել Ալեքսանյանը առաջադրվել էին նույն թիվ 7 ընտրատարածքում: Սա, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի կողմից ոտնձգություն էր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընտրատարածքի նկատմամբ: Քարոզարշավի ժամանակ այստեղ բախում եղավ Փաշինյանի կողմնակիցների և տարածքի բնակիչների միջև: Պատճառը Փաշինյանի կողմնակիցների տարածած քարոզչական նամակներն էին, որոնց բովանդակությունը դուր չէր եկել Ալեքսանյանի կողմնակիցներին:

Նույն օրերին թեկնածու Փաշինյանը դիմում-բողոք է ներկայացրել թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ ընդդեմ Սամվել Ալեքսանյանի: Հանձնաժողովի նիստի ընթացքում վիճել են Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, համայնքում ՀՀԿ եւ Սամվել Ալեքսանյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Օհանյանն ու Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ Փաշինյանի ահազանգով ոստիկաններ են այցելել:

Սամվել Ալեքսանյան. «Նիկոլը մեր ախպերն ա»

Հիշարժան մի շփում էլ Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Ալեքսանյանը ունեցել են 2016 թվականին՝ երկուսն էլ պատգամավոր: Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից անդրադարձել է ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի շաքարավազի բիզնեսին եւ Ախուրյանի շաքարի գործարանին: Այստեղ, ըստ նրա, ոչ թե արտադրվում է շաքարավազ, այլ պատրաստի շաքարավազ է մի դռնից մտնում, մյուսով դուրս գալիս՝ միլիոնավոր դոլարների մաքսատուրքերից խուսափելու համարՓաշինյանը խոսել Սամվել Ալեքսանյանի այլ չարաշահումներից ևս: Մասնավորապես, ասել է, թե պատրաստի շաքարի հումքից 1 կգ շաքարավազ ստանալու համար 17 դրամի գազ է ընդամենը ծախսում, երբ դրա ինքնարժեքի 30 տոկոսից ավելին պետք է գազի ծախսը լիներ. «Եթե դրսից պատրաստի շաքարավազ ես բերում ու տեղում միայն փաթեթավորում, դա հնարավոր է, բայց ոչ թե արտադրության համար 17 դրամ ես ծախսում: Այս պատմության մեջ ամենատխուրն այն է, որ ՀՀ-ում ճակնդեղագործության զարգացման հայեցակարգը ոչինչ չի տվել»: Վերջում էլ Փաշինյանը առաջարկել էր Սամվել Ալեքսանյանին Հայաստանի պատվավոր ճակնդեղագործի կոչում շնորհել

Անդրադառնմալով Փաշինյանի խոսքերին՝ Ալեքսանյանն ասել էր, թե «Նիկոլը մեզանից ա, մեր ախպերը, բայց ուզում ա ցույց տա, թե ընդդիմադիր ա»: Նաև՝ «կարող է զավոդը տալ Փաշինյանին, որ աշխատացնի»:

Ալեքսանյանը՝ հեղափոխությունից հետո

Սամվել Ալեքսանյանը մեկն է ՀՀԿ-ից դուրս եկած պատգամավորներից, որը հայտարարել էր, թե կողմ է արտահերթ ընտրություններ անցկացնելուն: Մինչ դա էլ, հիշենք, հենց Սամվել Ալեքսանյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո խմբակցությունը դադարեց խորհրդարանում կայուն մեծամասնություն ունենալ, իսկ, հոկտեմբերի 24-ին Ալեքսանյանը միակն էր, որ իր աջակցությունը Նիկոլ Փաշինյանին արտահայտեց իր բացառիկ դեմ քվեարկությամբ: Քիչ, շատ քիչ է հավանական, որ Սամվել Ալեքսանյանը հայտնվի ՔՊ-ի շարքերում կամ հաջորդ խորհրդարանում. Փաշինյանը վերջին ելույթում էլ խոսեց այն մասին, որ Ազգային ժողովը գործարարի տեղը չէ:

Ուրեմն, ինչո՞ւ է հեղափոխոթւյունից հետո Սամվել Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանին արվող իր ռևերանսներով առանձնանում մյուս պատգամավորներից, ավելի ի՞նչ ունի նա, որ չունեն ՀՀԿ-ից դուրս եկած մյուս գործարարները: Նա, բացի իշխանությանը մոտ լինելու տարիների սովորությունից, թերևս ունի անհանգստություն՝ կապված իր մտերիմ, Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի և եղբորորդի, Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Արտակ Ալեքսանյանի պաշտոնավարման հետ: Նրանք այս պաշտոններում դեռ չեն վերանշանակվել: