Նիկոլ Փաշինյանը վարչապետ չընտրվեց

հոկտեմբերի 24, 2018

Հոկտեմբերի 24-ին երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ. առաջինը մայիսի 1-ին էր: Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրել էր Ելք խմբակցությունը: Առաջադրել էր հենց չընտրվելու նպատակով: Բաց անվանական քվեարկության արդյունքում գրանցվեց 1 դեմ 11 ձեռնպահ: «Ելք»-ի 9 պատգամավորները, Գևորգ Կոստանյանը և Մարտուն Գրիգորյանը քվեարկեցին ձեռնպահ: Միակ դեմը Սամվել Ալեքսանյանն էր: Մյուս երեք խմբակցությունները քվեարկությանը չմասնակցեցին: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ քվեարկելը ճիշտ չեն համարում։ «Տվյալ դեպքում կապահովենք 100% արդյունք և առիթ չենք տա տարբեր տեղերից նույնիսկ մասնակի սաբոտաժների թեման առաջ քաշելը»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրումը կրում էր ֆորմալ բնույթ. նրան վարչապետ չընտրելով՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավակարգավորումներով Ազգային ժողովն արձակվում է, իսկ դեկտեմբերին անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 7 օր հետո տեղի է ունենալու վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի երկրորդ առաջադրումը կամ ընտրությունը, և չընտրվելու դեպքում Ազգային ժողովը կարձակվի: Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին:

Հայաստանում ընտրություններն անգամ մեկ քվեաթերթիկով չպետք է կեղծվեն

Սահմանված ընթացակարգով վարչապետի թեկնածուն ելույթ ունեցավ, պատասխանեց պատգամավորների հարցերին, եղավ մտքերի փոխանակում: Քննարկման ավարտին Նիկոլ Փաշինյանը խնդրեց չընտրել իրեն:

Փաշինյանի ելույթը ծրագրային չէր, բայց պարունակում էր առանցքային մի քանի շեշտադրում։

Կոնսոլիդացիայի փորձ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, հոկտեմբերի 2-ի ԱԺ արտահերթ նիստ ու քվեարկություն և Ընտրական օրենսգրքի տապալում ՀՀԿ-ի կողմից. սրանք, ըստ Փաշինյանի ապրիլի հեղափոխությունից հետո գրանցված ռևանշի 3 դեպքերն են:

Այսուհանդերձ, վարչապետի թեկնածուն չբացառեց, որ կարող են համագործակցել ՀՀԿ-ի չկոռումպացված անդամների հետ: Կոռուպցիայի դեմ պայքարը նա համարեց իր ամենակարևոր առաքելություններից մեկը և տեղեկացրեց, որ բացահայտվել է 100% -ով ապացուցված կաշառք վերցնելու գործ, որի շրջանակում կարող է պատգամավոր կալանավորվել։ Դա,- ասաց, -լինելու է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի գործը, որի թելերը տանում են դեպի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև մարտի 1-ի գործին և շեշտեց, որ այն մինչև վերջին անկյունները բացահայտվելու է «Ես բոլորին ուղղակի կոչ եմ անում հոգեբանորեն պատրաստ լինել բացահայտումների ողջ ծավալին: Որովհետեւ հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, որը, ես համոզված եմ՝ առաջիկայում կիմանանք։ Եվ ոչ միայն այս գործով»,- հայտարարեց նա։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և տնտեսության խնդիրներին Փաշինյանը անդրադարձավ՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: Հայտնեց, որ առաջիկայում բենզինի ներկրման շուկա նոր խաղացողներ կմտնեն։ Բանակցություններ են տարվում օտարերկրյա ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են «Միկա» ընկերության բենզալցակայաններով։ Խոսեց նաև ընտրություններից: Ասաց. «Երկրում նույնիսկ մի քվեաթերթիկով որևէ ընտրության արդյունք չի կեղծվելու՝ անկախ նրանից, թե այդ ընտրությունների արդյունքներն ինչ է նշանակում մեզ համար, կառավարության համար, իշխանության համար»:  

Դատական բարեփոխումներից մինչև ավանդական ընտանիքների պահպանումը

Ելույթներ ունեցան հիմնականում «Ծառուկյան» խմբակցության անդամները։ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը կարևորեց նոր ԸՕ-ի ընդունումը։ Ասաց՝ եթե կա քաղաքական համակարգը զարգացնելու ցանկություն կա, ուրեմն, պետք է ԸՕ-ը բարեփոխվի։

Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ նոյեմբերի 15-18-ը Երևանում անցկացվելու է համասեռամոլների համաժողով, որին պետք է հետևի քայլարշավ։ «Այո, Դուք շատ ճիշտ եք, մեր պետականության եւ ազգային անվտանգության համար սպառնալիք է տնտեսական եւ քաղաքական մենաշնորհը, բայց մեզ համար ամենամեծ սպառնալիքը մեր ավանդական ընտանիքի հավանական խոյահարումն է։Ես խնդրում եմ, հորդորում եմ, որ մեր ուժերը համախմբենք և անենք ամեն օրինականն ու թույլատրելին՝ ավանդական ընտանիքների պահպանման համար»,–ասաց նա իր ելույթում:

ՀՀԿ խմբացությունից ելույթ ունեցող միակ պատգամավորը, որը նույնանուն կուսակցության անդամ չէ, Խոսրով Հարությունյանն էր։Նա քաղաքական զարգացումների առումով շատ օգտակար համարեց Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Ասաց՝ Հայաստանում ոչ թե հեղափոխություն, այլ անցնցում, խաղաղ իշխանափոխություն է եղել, «բայց՝ հեղափոխական փոփոխություն անելու նպատակով։ Ես գտնում եմ, որ ապրիլ-մայիս ամիսներին քաղաքացիական այդ պոռթկումը լուրջ մարտահրավեր է երկրի ընդհանուր զարգացման համար։ Պետք է փորձել այդ էներգետիկան վերածել քաղաքական կապիտալի»,- հայտարարեց պատգամավորը։