ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը տապալվեց 3-րդ անգամ

հոկտեմբերի 23, 2018

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնը չի համալրվում արդեն 3-րդ անգամ: ՍԴ դատավորի ընտրությունը խորհրդարանում հոկտեմբերի 22-ին դարձյալ տապալվեց:

Առաջադրված միակ թեկնածուն փաստաբան Վահե Գրիգորյանն էր: Նրա թեկնածությունը խորհրդարանին ներկայացրել էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Քվեարկությանը մասնակցեց 53 պատգամավոր, սակայն Գրիգորյանի օգտին քվեարկել էին միայն 30-ը: 23-ը դեմ էին: ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ է 63 ձայն:

Խորհրդարանին ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու գործընթացը նախագահի աշխատակազմում բավական երկար էր տևել: Ստեղծվել էր աշխատանքային խումբ, ներկայացվել 5 թեկնածու, նրանցից 2-ին նախագահը հրավիրել էր հարցազրույցի, և արդյունքում Ազգային ժողովին առաջադրվել էր Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Վահե Գրիգորյանը համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցը, մի քանի գործով եղել է նրա փաստաբանը, նրա հետ միասին ընտրությունների արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում:

Սահմանադրական դատարանի՝ Վահե Գրիգորյանի տեսլականը

Փաստաբան Գրիգորյանը մասնագիտացել է գլխավորապես մարդու և հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերում, ՀՀ քաղաքացիների պաշտպանությամբ հանդես է եկել ՄԻԵԴ-ում: 2013 թվականից ընտանիքով տեղափոխվել է Միացյալ Թագավորություն, աշխատել բարձրակարգ փաստաբանների հետ:

ՍԴ-ն, Գրիգորյանի խոսքով, պետք է լինի պետության խիղճը: Իր ելույթում նա ասաց, որ ունեցած մասնագիտական գիտելիքներն ու փորձառությունը լիովին համապատասխանում են ՍԴ դատավորի չափանիշներին: «Իմ հավատամքն է լինելու՝ չկա պետություն առանց քաղաքացու, բայց կա քաղաքացի առանց պետության», -հայտարարեց Գրիգորյանը:

Թեկնածուն խոսեց անցումային արդարադատությունից, որի ներդրման անհրաժեշտության մասին առաջին անգամ բարձրաձայնել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ իր 100-օրյա գործունեության ամփոփիչ հանրահավաքում:

Գրիգորյանի կարծիքով՝ անցումային արդարադատությունը Հայաստանում արդեն իրողություն է, և հաջորդ խորհրդարանը պետք է ստեղծի դրա օրենսդրական հիմքերը:

Անցումային արդարադատության մասին փաստաբանի դիտարկումը բարկացրեց ԾԴ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին: Նա հարցրեց. «Դուք իսկապե՞ս գտնում եք, որ Հայաստանում անխուսափելի՞ է անցումային արդարդատությունը: Չեմ կիսում կարծիքը, թե Հայաստանում արդարադատության համակարգը պարալիզացված է, և մենք այլ տարբերակ չունենք, քան անցումային արդարադատությունը: Եկեք հարգենք մեր դատավորներիաշխատանքը»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է տեղափոխվել Լոնդոն, հիմա ապրում է այնտե՞ղ, թե՞ Հայաստանում: Վահե Գրիգորյանը տեղեկացրեց, որ իր նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվել, և Հայաստանը լքելու մասին որոշումը կայացրել է այդ քրեական գործով արդարացվելուց հետո՝ 2013-ին: «Միացյալ Թագավորություն տեղափոխվելու և շատ հեղինակավոր կազմակերպությունում աշխատելու պատճառը եղել է այն, որ ես խորապես համոզված եմ եղել, որ Հայաստանում իմ մասնագիտական զարգացման ասպարեզը խիստ սահմանափակ է լինելու։ Եվ դա ոչ թե այն պատճառով, որ այստեղ լավ մասնագետներ չկան, այլ կոնկրետ պատճառներով. իրավունքի և քաղաքականության եզրերը շատ թափանցիկ են՝ մենք շատ ժամանակ մտնում են քաղաքականություն», - բացատրեց Վահե Գրիգորյանը։

Սակայն, այժմ, իրավաբանի խոսքով, ամեն ինչ փոխվել է, և ինքն իրեն մեղավոր կզգար, եթե այս իրավիճակում Հայաստանից հեռու լիներ, ու մայիսից ընտանիքով տեղափոխվել է Հայաստան՝մշտական բնակության։ 

«Ես հիմա տեսնում եմ, որ իրական հնարավորություն կա երկրում իրավիճակ փոխելու։ Հայաստանում նեղ մասնագիտական ռեսուրսի պայմաններում մենք չենք կարող թույլ տալ, որ եղածը չօգտագործվի ըստ արժանվույն», - հավելեց թեկնածուն։ 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ հավատո՞ւմ է, որ նոր քաղաքական իրավիճակում իր այս կազմով ՍԴ-ն կդադարի իշխանության կցորդ լինել։ «Ո՛չ, ես չեմ հավատում», -պատասխանեց Գրիգորյանը:

 Վահե Գրիգորյանը ՀՀ նախագահի կողմից ներկայացված ՍԴ դատավորի երկրորդ թեկնածուն էր, առաջինը էմիլ Բաբայանն էր, որի ընտրությունը տապալվեց մայիսի 4-ին: ՍԴ դատավորի երրորդ թեկնածուն Էլիզավետա Դանիելյանն էր՝ առաջադրված Դատավորների ընդհանուր ժողովի կողմից. նրա ընտրությունը ևս տապավել էր: