Խորհրդարանը մերժեց ԸՕ փոփոխությունների նախագիծը

հոկտեմբերի 22, 2018

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ չընդունվեց. կառավարության հեղինակած փաթեթին խորհրդարանում կողմ քվեարկեց գրանցված 69 պատգամավորներից 56-ը, դեմ՝ 3-ը։ Օրինագծի ընդունման համար անհրաժեշտ էր 63 ձայն:

Կողմ էին «Ելք», «Դաշնակցություն» և «Ծառուկյան» խմբակցությունները, ևս 15 պատգամավոր Հանրապետական խմբակցությունից, հիմնականում այն պատգամավորները, որոնք ավելի վաղ հայտարարությամբ պաշտպանել էին արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու կառավարության նախաձեռնությունը ։ Նրանցից մի քանիսը, սակայն, նիստին ներկա չէին: Քվեարկությունից բացակայում էր  ևս 4 պատգամավոր «Ծառուկյան» խմբակցությունից, այդ թվում՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Նախ` մերժվեց ընթացակարգը

Արտահերթ նիստի մեկնարկին գրանցվեց 105 պատգամավորից 53-ը, ճիշտ այնքան, որքան քվորումի նվազագույն շեմն է: Նիստին չէր մասնակցում Հանրապետական խմբակցության պատգամավորների մեծ մասը։ Հենց սկզբից ակնհայտ էր, որ ԸՕ փոփոխությունների ու լրացումների նախագիծը տապալման մեծ հավանականություն ունի։

Կառավարությունն առաջարկում էր նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջինից հետո 24 ժամվա ընթացքում: Սահմանադրական օրենքը հապշտապ՝ 24-ժամյա ռեժիմով ընդունելու գործադիրի մոտեցումը հարուցեց ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորների դժգոհությունը: Առաջարկվեց երկրորդ ընթերցումը կազմակերպել 72 ժամվա ընթացքում , իսկ առաջարկների և գլխադասային հանձնաժողովի եզրակացության քննարկմանը տրամադրել 3-ական ժամ։ Արդարադատության նախարարը համաձայնեց առաջարկին, այն, սակայն, չընդունվեց. որոշման նախագծին կողմ քվեարկեց ընդամենը 44 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր նվազագույնը 53 ձայն։

Դեմ լինելով՝ կողմ են

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ սահմանադրական օրենքի նման հապշտապ ընդունումը հիմնավոր բացատրություն չունի: «Քաղաքական ուժերին պետք է ժամանակ տրվի ցուցակներ կազմելու, վերադասավորվելու: Ժամանակն անհրաժեշտ է  ոչ թե ժամավաճառությամբ զբաղվելու, այլ որակյալ ընտրություն անցկացնելու համար։ Մի՞թե մենք չենք տեսնում, որ ինքնանպատակ դեկտեմբեր ամիսը սահմանելով՝ այդ որակն ենք խաթարում»,- հայտարարեց նա։

«Բնականոն պայմաններում կարելի էր երկար քննարկել ու ընդունել հնարավորինս անթերի օրենսգիրք, բայց այսօր երկրում ֆորսմաժորային իրավիճակ է, և այդ համատեքստում է, որ նման լուծում է առաջարկվում»,- պատասխանեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։

Օրվա ընթացքում տարածվեց ՀՅԴ Գերագույն մարմնի 22-րդ ժողովում ընդունված հայտարարությունը, համաձայն որի՝ ՀՅԴ-ն որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց , որպես ընդդիմություն, անընդունելի է համարում «շտապողական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը»։

Ի՞նչ էր հագել Գագիկ Ծառուկյանը

«Այս պահին նա քաղաքում չէ, չեմ կարծում, որ կհասցնի: Ես հույս ունեմ, որ այս խնդիրը կլուծենք՝ 63 հոգի ապահովելով»,- մինչև ԸՕ-ի քվեարկությունը լրագրողների հետ զրույցում ասել էր «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Քվեարկությունից հետո Զոհրաբյանն այլ բան էր ասել. նշել էր, թե Ծառուկյանը խմբակցությունում էր և պատրաստվում էր քվեարկել։ «Անկեղծ ասած, նա ոչ հարմար հագուստով էր, մարզահագուստով, և մենք ենք հորդորել նման հագուստով չմտնել ԱԺ դահլիճ: Եթե պակասեր մեկ ձայն, բնականաբար, նման հորդոր չէր լինի, բայց տեսնելով, որ բացակաների թիվը շատ է, մենք պարոն Ծառուկյանին հորդորեցինք չքվեարկել»,- հավելել էր Ն. Զոհրաբյանը։

Խմբակցությունն ի սկզբանե հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու ԸՕ փոփոխությունների նախագծին: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ երկրում ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ է, և դեկտեմբերին պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նա ՀՀԿ-ին կոչ արեց չխոչընդոտել օրինագծի ընդունմանը. «Կոչս բարեկամական է՝ գնալ քաղաքական բարեկամության ճանապարհով, թույլ տալ, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվի, որ առաջիկա ընտրություններն անցկացվեն շատ ավելի քաղաքական, բարելավված օրենսգրքով, քան նրանով, որն ապաքաղաքականացրեց նախորդ խորհրդարանական ընտրությունները»:

Պետք չէր շտապել

ԸՕ նախագծի վերաբերյալ հայտարարություն էր տարածել նաև ՀՀԿ-ն՝ նշելով, թե որ գործոնների պատճառով են դրան դեմ քվեարկելու: «Նախագիծը  հապճեպությամբ և շտապողականությամբ ներկայացվել է  ոչ միայն խորհրդարան, այլև Վենետիկի  հանձնաժողով։ Սա նշանակում է, որ Վենետիկի հանձնաժողովը  պաշտոնական քննարկում անցկացնելու և եզրակացություն տալու հնարավորություն չի ունեցել։ Ընդհանուր առմամբ համաձայն լինելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին՝ մենք բազմիցս դեմ ենք արտահայտվել այն հապճեպությանը, որով փորձ է արվում դրանք անցկացնել մինչև 2018թ. վերջը: Գործադիր իշխանության ճնշումների ներքո ընտրությունները 2 ամսվա ընթացքում անցկացնելը կուսակցություններին զրկում է նոր ընտրական կարգավորումների ներքո վերադասավորվելու և մարտավարությունը վերանայելու հնարավորությունից: Վերոգրյալի հիման վրա ՀՀԿ-ն հայտարարում է, որ վերը նշված հիմնավորումներով կողմ չէ ներկայացված նախագծին»,- ասվում է հայտարարության մեջ:

Մեղավորը Նիկոլ Փաշինյանն է

ԸՕ-ի տապալումից անմիջապես հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են: «Առանց խորհրդարանական արտահերթ ընտրությունների մենք, ուղղակի, չենք կարողանա որևէ քայլ անել, որովհետև այսօրվա քվեարկությունը ցույց է տալիս իրերի իրական դրությունը։ Ինչ ԸՕ-ով էլ անցնեն ընտրությունները, ժողովրդի հաղթանակը անխուսափելի է, և ռևանշ չի լինելու», - հայտարարեց նա։

Վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ ԸՕ-ի տապալման մեղավորը ոչ միայն ՀՀԿ-ն ու «թեթևակի» սաբոտաժ արած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, այլև՝ գործադիր իշխանությունը: «Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, ընտրությունների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով՝ էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը: Ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի բարեփոխումը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, և չէր կարելի օրենսգիրքը չփոխած՝ սկսել ընտրությունների գործընթացը: Այդ դեպքում ԱԺ-ի վրա հանրային ճնշման հնարավորություն կունենայինք, եթե այսպիսի սաբոտաժ արվեր»,- կարծում է Իոաննիսյանը:

Փոփոխությունների նախագծով կառավարությունն առաջարկում է վերացնել տարածքային կամ ռեյտինգային ցուցակներն ու ներդնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, նվազեցնել ընտրվելու անցողիկ շեմը (կուսակցությունների համար` 4% գործող 5% -ի փոխարեն, դաշինքների համար՝ 6 % գործող 7-ի փոխարեն)։ Նախատեսվում է, որ ԱԺ-ում պետք է ներկայացված լինի նվազագույնը 4 քաղաքական ուժ:

Առաջարկվող փոփոխություններով նվազեցվում է ընտրագրավի չափը՝ 10 մլն դրամից դառնալով 7,5 մլն ։ Սահմանվում է, որ ընտրագրավը կվերադարձվի ընտրություններին մասնակցած ուժին, եթե նա չի հաղթահարել անցողիկ շեմը, բայց ստացել է 2 %-ից ավելի ձայն։