«Լքել» բայը ճիշտ եզրույթ չէ. Տաճատ Վարդապետյան

հոկտեմբերի 9, 2018

-Պարոն Վարդապետյան, «Ծառուկյան» խմբակցությունից Իշխան Զաքարյանը և ՀՀԿ խմբակցության նախկին և ներկա 15 պատգամավոր, նրանց թվում՝ նաև Դուք, այսօր հայտարարեցիք, որ միանում եք վարչապետի կոչին և անհրաժեշտ եք համարում դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ինչո՞ւ նման որոշում կայացրիք, իշխանությունը Ձեզ վրա ճնշո՞ւմ է գործադրել:

-Դա իմ որոշումն է։ Ես «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահն եմ, ջավախահայությունն ու վիրահայությունը ներկայացնող մարդ, և այդ որոշումը կայացրել եմ իմ բազմահազար ընտրողների հետ խորհրդակցելով: Մեկ ժամվա ընթացքում հազարավոր մարդիկ հավաքվեցին խորհրդարանի դիմաց, և սա վերահաստատում է այն իրողությունը, ինչին ականատես եղանք ապրիլյան հեղափոխության ժամանակ։

-Ձեր վրա ազդել է խորհրդարանի դիմաց հավաքված մարդկանց բազմությո՞ւնը:

-Ի՞նչ նկատի ունեք «ազդել է» ասելով, ճնշո՞ւմ։ Իմ վրա ճնշում չի կարող լինել, դա իմ անհատական մոտեցումն ու աշխարհընկալումն է։ Ես կարծում եմ, որ երկրի անցնցում ընթացքը կապված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ, ինչի մասին խոսում է վարչապետը։ Այսինքն, խոսքը դեկտեմբերին կայանալիք ընտրությունների մասին է։

-Ստացվում է՝ Դուք լքո՞ւմ եք ՀՀԿ խմբակցությանը։

-Ես Ձեր կարծիքը չեմ կիսում, որովհետև «լքել» բայը ինքնին բացասական նրբերանգներ ունի, ես արտահայտում եմ իմ քաղաքական կողմնորոշումը։ Ես չեմ անդամակցում որևէ կուսակցության, հարգանքով եմ վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին։ Դա իմ մոտեցումն է, իմ կարծիքն է, եթե այդ կարծիքը հայտնելը նշանակում է լքել, դա կարծում եմ, ճիշտ եզրույթ չէ։

-«Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի հետ ստորագրեց հուշագիր՝ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, և փաստորեն, ՀՀԿ խմբակցությունը մնացել է միայնակ։ Ճի՞շտ է՝ մենակ թողնել այն կուսակցությանը, որի համամասնական ցուցակով եկել եք խորհրդարան։

-Ես մեղադրանքի նրբերանգներ եմ զգում Ձեր հարցադրման մեջ։ Դա իմ մոտեցումն է, իմ կարծիքն է, և կարծում եմ, որ ճիշտ ընթացքը ու երկրի անցնցում ապագան կապված է խորհրդարանական ընտրությունների հետ։ Այլ մեկնաբանություն հրաժարվում եմ անել։ Ես ներկայացնում եմ բազմահազարանոց հայրենակցական միություն, որը սատարել է ՀՀԿ-ին խորհրդարանական ընտրություններում, և ես ընդամենը այդ ձայների արդյունքում եմ տեղ գտել համամասնական ցուցակում, այն էլ՝ այս տարվա մարտի 2-ին նոր վերադարձել եմ խորհրդարան։ Նշեմ նաև, որ հայրենակցական միության միջոցով իմ բերած ձայների քանակը մի քանի անգամ գերազանցում է մեկ պատգամավորին ընկնող ձայների բաժնեմասը։ Սա ասում եմ, որ էլ չասեք, թե՝ լքում եք այն ցուցակը, որով եկել եք խորհրդարան։

-Դեկտեմբերին, փաստորեն, սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ունե՞ք որոշում, թե ինչպես եք մասնակցելու այդ ընտրություններին, ինչպիսի՞ն է լինելու Ձեր քաղաքական ապագան։

-Դեռ բավական ժամանակ ունեմ, որ ավելի հստակ որոշում կայացնեմ: Ոչինչ չեմ կարող ասել:

-Հնարավո՞ր է՝ Ձեզ տեսնենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում։

-Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, երբեք մի ասեք երբեք։ Բայց ես դեռ չեմ կողմնորոշվել և ՔՊ-ի կողմից էլ առայժմ նման առաջարկ չունեմ։