Մանվել Գրիգորյանը փոխում է կառավարության օրակարգը

հունիսի 18, 2018

Հունիսի 19-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում կքննարկվի պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Այսպիսի օրակարգով արտահերթ նախաձեռնելու որոշումը կառավարությունը ընդունեց հունիսի 18-ին, մինչդեռ ավելի վաղ, հունիսի 8-ին, կառավարությունը որոշել էր դարձյալ հունիսի 19-ին բոլորովին այլ օրակարգով ԱԺ արտահերթ նախաձեռնելու մասին: Օրինակ, պիտի քննարկեին բարեգործության մասին և կուտակային կենսաթոշակների մասին օրենքներում փոփոխությունների նախագծերը: Դրանք շարունակում են մնալ կառավարության օրակարգում, բայց խորհրդարանը այս և ևս 5 հարցի քննարկմանը կանցնի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի ավարտից հետո:

Մանվելն ու դոն Պիպոն

Արթուր Ասատրյան անուն-ազգանունով և դոն Պիպո մականունով անձը հունիսի 14-ին Էջմիածին քաղաքում հանրահավաք էր կազմակերպել քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով: Արդեն նախկին քաղաքապետը ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ և Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի որդին է: Քաղաքապետի հեռացումով դոն Պիպոն խոստանում էր Հայաստանի հոգևոր մայրաքաղաքը ազատագրել մանվելգրիգորյանական կլանից: Ընդդեմ Գրիգորյանների հանրահավաքները Վաղարշապատում անցկացվեցին երկու օր, իսկ երրորդ օրը Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց Մանվել Գրիգորյանի և Արթուր Ասատրյանի առանձնատներում խուզարկություն կատարելու, նրանց բերման ենթարկելու մասին:

Արթուր Ասատրյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել` քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Գեներալ Մանվելի և դոն Պիպոյի այս օրերի միասնական ընթացքը ընդհատվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 17-ի հայտարարությամբ: Նա ուղիղ եթերում հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ոչ միայն ապօրինի զենք զինամթերք պահելու համար, այլ կան կասկածներ, որ նա ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված, հավաքված օգնությունը յուրացնելու և գողանալու մեջ:

Մանվելն ու ՀՀԿ-ն

Մանվել Գրիգորյանը Ազգային ժողովի պատգամավոր է 2012 թվականից: Նա կուսակցական չէ, բայց ՀՀԿ խմբակցության անդամ է. և՛ 2012-ին, և՛ 2017-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակով:

ԱԺ նախագահը ձերբակալված պատգամավորներին տեսակցելու ավանդույթ ունի. լրատվամիջոցներից մեկին ասել էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը՝ հաստատելով լուրը, թե ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեսակցել է ԱԱԾ-ի ձերբակալվածների պահման վայրում գտնվող ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ: Մանվել Գրիգորյանը 4-րդ պատգամավորն է, որին տեսակցելու նպատակով մեկ տարուց մի քիչ ավելի պաշտոնավարող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը այցելել է ազատազրկման վայր. ավանդույթը սկսեց ձևավորվել ապրիլին, երբ ձերբակալվեցին ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:

Արա Բաբլոյանը Մանվել Գրիգորյանին տեսակցության գնացած միակ ՀՀԿ-ականը չէր: Ձերբակալված պատգամավորին այցելեցին նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Շարմազանովի աջակցությունը Մանվել Գրիգորյանին այսքանով չսահմանափակվեց: Նա նաև հայտարարեց, թե այն, ինչ կատարվել է, շինծու է ու անթույլատրելի, և ՀՀԿ-ն վերահաստատում է, որ գեներալն անհիմն է մեղադրվում: Ավելի վաղ ՀՀԿ-ն, ի պաշտպանություն Մանվել Գրիգորյանի, հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում էր, թե Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգն է, և ՀՀԿ-ն մտահոգված է դրանով:

ՀՀԿ-ի հաջորդ հայտարարությունը, ինչպես նաև խմբակցության առանձին պատգամավորների գնահատականները կտրուկ փոխվեցին Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության տեսանյութի հրապարակումից հետո: ԱԱԾ-ն խուզարկության արդյունքում բացահայտել էր ոչ միայն հսկայական քանակության ապօրինի զենք զինամթերք, 3 ավտոպարկ՝ նոր և ռետրո մեքենաներով, այլև ապրիլյան պատերազմի օրերին հայ զինվորին ուղարկված դպրոցականների նամակներ, դպրոցներից ու մանկապարտեզներից ուղարկված սնունդ, ինչպես նաև հատուկ զինվորի համար նախատեսված պահածոներ: Դրանցով, ինչպես պարզվում է տեսագրության ընթացքում հնչած հարցուպատասխանից, գեներալը կերակրել է սեփական հանգստի գոտում պահվող արջերին:

ՀՀԿ-ն՝ առանց Մանվելի

ԱԱԾ-ի կադրերի հրապարակումից հետո Շարմազանովն ասաց, թե զինվորի բաժինն ուտողը ազգի դավաճան է, Աշոտյանը գրեց, թե եթե ապացուցվի, որ հնչած մեղադրանքները ճիշտ են, ինքն անձնական խորը ողբերգություն կունենա, Արա Բաբլոյանն ասաց, թե հեռուստատեսությամբ ցուցադրվածը բարոյական արժեհամակարգի հետ անհամատեղելի երևույթ է, և վստահություն հայտնեց, թե դատաիրավական մարմինները կլինեն հետևողական, որպեսզի բացահայտվեն մեղավորները և ենթարկվեն համարժեք պատասխանատվության: Իսկ ՀՀԿ-ի հայտարարության մեջ ասվում է. «Ապշած և վրդովված ենք, որ մեր իրականության մեջ նման բան առհասարակ հնարավոր է` որևէ մեկի կողմից, առավել ևս՝ Արցախի ազատամարտին ակտիվորեն մասնակցած գեներալի: Սա անընդունելի ու զազրելի է: Հարգելով անմեղության կանխավարկածը` հայտարարում ենք, որ եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի այն մեղադրանքը, որը առաջադրվել է Մանվել Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ դրա ողջ խստությամբ»:

Գլխավոր դատախազի դիմումի հիման վրա կառավարությունը հունիսի 19-ի արտահերթ նիստ կհրավիրի՝ քննարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության հարցը: Որոշ ՀՀԿ-ականներ շտապեցին հայտարարել, որ իրենք այդ միջնորդությանը կողմ են քվեարկելու: Հիշենք, որ ճիշտ այդպես շուտափույթ կերպով, թավշյա հեղափոխության հաղթանակից հետո, Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, թե ինքը երբեք էլ Սերժ Սարգսյանի թիմից չի եղել:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ միջնորդության քննարկմանը Մանվել Գրիգորյանը չի մասնակցի: Ձերբակալված պատգամավորը նամակ է ուղղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որում նշել է, որ չի ցանկանում խոչընդոտել նախաքննությանը և կոչ է անում իր գործընկերներին՝ համաձայնություն տալ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն՝ առանց իր ներկայության։

«Վստահ եմ, որ իմ անունը ես կվերականգնեմ», - գրել է Մանվել Գրիգորյանը։