Ազգային ժողովը երկրորդ անգամ ՍԴ դատավոր չընտրեց

հունիսի 13, 2018
Ազգային ժողովը վերջին ամսվա ընթացքում  երկրորդ անգամ չկարողացավ Սահմանադրական դատարանի անդամ ընտրել: Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի Քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, հունիսի 13-ի փակ գաղտնի քվեարկությամբ ստացավ  36 ձայն, մինչդեռ ՍԴ անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր 63-ը կամ պատգամավորների ընդհանուր ձայների 3/5-ը: «Ելք» և « Ծառուկյան» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը: 

Նույն սցենարով էր ընթացել  ՍԴ անդամի նախորդ ՝ նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուի  ընտրությունը. մայիսի 4-ին «Ելք»  և «Ծառուկյան» խմբակցությունները դարձյալ բոյկոտեցին  քվեարկությունը,  Էմիլ Բաբայանին կողմ քվեարկեց 53 պատգամավոր:

Վճռական հունիս ամիսը

Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը, ներկայացնելով  Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը, ընդգծեց, որ նա առաջադրվում է Սահմանադրական դատարանում պաշտոնավարումն առաջիկա օրերին  ավարտող  Վոլոդյա Հովհաննիսյանի թափուր տեղի համար: Դատավորների ընդհանուր ժողովը քննարկել է երկու թեկնածություն: Մայիսի 18-ին,  փակ գաղտնի քվեարկությամբ և  1 ձայնի առավելությամբ ՍԴ անդամի թեկնածու է ընտրվել Ելիզավետա Դանիելյանը: 

Խունդկարյանը նշեց, որ թեկնածուն շուրջ 10 տարի եղել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, իսկ 2009-ից  Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր է: «Կարող եմ փաստել, որ Դանիելյանն օժտված է անձնային և մասնագիտական բարձր որակներով, որոնք անհարժեշտ են ՍԴ անդամի լիազորությունները կատարելուն: Նա դատավորի շուրջ 27 տարվա փորձառություն ունի»,-ասաց նա:

« Իմ կյանքում հունիս ամիսը վճռորոշ նշանակություն է ունեցել թե անձնական, թե մասնագիտական առումով: 1991թ. հենց հունիսի 10-ին առաջին անգամ դատավոր նշանակվեցի և այսքան տարի հետո վճռորոշը նորից հունիսն է: Լրացավ իմ՝ դատավոր լինելու 27 տարին, և միակ կին դատավորն եմ, որը դատարանի ղեկավար պաշտոնում է եղել: Իսկ գենդերային հավասարությունը մեր երկրի առաջ ծառացած կարևորագույն հարցերից է»- ասաց Դանիելյանը՝ պատգամավորներին հորդորելով  քվեարկելիս առաջնորդվել օրենսդիրի  առաքելությունն անբասիր կատարելու անհրաժեշտությամբ:

Թեկնածուն չի ճնշվել

ԱԺ քննարկմանը Հանրապետական և ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները ՍԴ անդամի թեկնածուին հարցեր չունեին: Փոխարենն ակտիվ էր «Ծառուկյան» խմբակցությունը: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Ելիզավետա Դանիելյանին կոչ արեց անկեղծ պատասխանել իր հարցին.  « Եղե՞լ է, որ վերևից ձեր վրա ճնշում գործադրվի: Դատական համակարգում այդ խնդիրը կա, որեւէ մեկը չի կարող հերքել»:

Դանիելյանը ասաց, որ իր աշխատանքային պրակտիկայում նման իրավիճակ չի եղել.  « ՀՀ-ում այսօր աշխատում է 230 դատավոր, ինձ հետ այդպիսի դեպք չի եղել, իմ աշխատած կոլեգիալ մարմնում նմանատիպ իրավիճակ հնարավոր չէ»: 

«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը թեկնածուին առաջարկեց ներկայացնել այն յուրահատկությունը, որը հաշվի առնելով պատգամավորները նրան պետք է ընտրեն ՍԴ դատավորի պաշտոնում: Մարուքյանի կոչին միացավ նաև « Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը. « Դուք Վճռաբեկ դատարանի դատավոր եք, որը 2009-ից դատական կարգով վերանայել է Մարտի 1-ի գործերը, Վահե Ավետյանի «Հարսնաքարի» գործը, Հայկ Կյուրեղյանի նկատմամբ իրականացրած խոշտանգումների գործը, Շանթ Հարությունյանի և  ընկերների, Գեւորգ Սաֆարյանի գործերը, Վարդգես Գասպարիի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացրած խոշտանգումների գործը, «Հաց բերողի» խափանման միջոցի գործերը: Ձեր դատարանը նույնիսկ վարույթ չի ընդունել այս գործերը: Ո՞րն է եղել կոնկրետ ձեր դիրքորոշումը դրանց վերաբերյալ, ունեցե՞լ եք Ձեր դատավոր ընկերներից տարբերվող կարծիք, հանդես եկե՞լ եք հատուկ կարծիքով, թե՞ ոչ»,-հարցրեց Զոհրաբյանը:

Ուժի մեջ մտած դատական ակտերի վերաբերյալ կարծիք հայտնելը Վճռաբեկ դատարանի դատավորի համար անթույլատրելի է՝ ասաց Դանիելյանը  և հավելեց՝ եթե գործը վարույթ չի ընդունվել, դատավորը չի կարող որեւէ բան անել, իսկ եթե վարույթում  եղել է, հատուկ կարծիքներ եղել են, բայց դրանք ԱԺ-ում չեն կարող ներկայացվել: 

Քվեարկությունից  առաջ «Ելք»  և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարեցին, որ  չեն մասնակցելու քվեարկությանը: « Հաշվի առնելով երեկվա հարցուպատասխանը, նաև քաղհասարակության մի շարք այլ մտահոգությունները՝ «Ելքը» որոշել է ընտրությանը չմասնակցել, որի արդյունքում, հուսով ենք, չեք ընտրվի»,- հայտարարեց Մարուքյանը:

« Հաշվի առնելով այն, որ թեկնածուն որևէ հարցի հստակ պատասխան չտվեց, մենք չտեսանք, որ թեկնածուն լրջագույն խնդիրների շուրջ կարող է ունենալ սեփական կարծիք, որ թեկնածուն կարող է ունենալ մասնագիտական խիզախություն և համարձակություն պաշտպանելու իր տեսակետը, եթե անգամ այն տարբերվող է, «Ծառուկյան» դաշինքը ևս չի մասնակցելու քվեարկությանը»,- հավելեց Զոհրաբյանը:

Այժմ ՍԴ-ում կա  երկու դատավորի թափուր պաշտոն: Դատավորների ընդհանուր ժողովը տասնօրյա ժամկետում պետք է խորհրդարանի դատին ներկայացնի նոր թեկնածություն: Նույնը պետք է աներ նախագահ Սարգսյանը, մինչդեռ նա դիմել է ՍԴ՝ վիճարկելու Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի այն դրույթը, որն իրեն նոր թեկնածու առաջադրելու համար ընդամենը 10 օր ժամկետ է տալիս: ՍԴ ներկայացված դիմումի մեջ նշվում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, որը նույնպես կանոնակարգում է ՍԴ անդամի ընտրությունը, ավելի ողջամիտ՝ վեցամսյա ժամկետ է սահմանում:

Սահմանադրության 213 հոդվածի համաձայն՝ ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները հաջորդաբար կատարում են նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և կառավարությունը: