Մենք պատրաստ ենք դառնալ փոքրամասնություն. Վահրամ Բաղդասարյան

մայիսի 31, 2018

Ազգային ժողովում ՀՀԿ-ն արդեն երկու «կորուստ» ունի. խմբակցությունը լքել են Արթուր Գևորգյանը և Շիրակ Թորոսյանը։ Գևորգյանը հայտարարել է նաև ՀՀԿ-ից դուրս գալու մասին։ Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ է սկսել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում և արդեն հայտարարել քրեական գործի հարուցման մասին:

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է խմբակցությանը վերաբերող մի քանի հարցերի:

-Ի՞նչ տրամադրություններ են խմբակցությունում, պարոն Բաղդասարյան, հնարավո՞ր է Սամվել Ալեքսանյանը նույնպես լքի ՀՀԿ-ն, ինչպես վարվեց Արթուր Գևորգյանը։

-Նման մտադրություններ չկան, հանգիստ եղեք: Քաղաքական գործընթացներ են, որևէ մեկը երաշխավորված չէ, որ միշտ պետք է լինի իշխանություն, մեծամասնություն։ Նորմալ գործընթացներ են։

-Արթուր Գևորգյանի հեռանալը անակնկալ չէ՞ր։

-Նա առավոտյան ինձ զանգել էր, հայտնել էր իր մտադրության մասին, դիմումն ուղարկել էր, բայց չենք քննարկել, որովհետև Հանրապետական խմբակցության նախորդ նիստի օրակարգում այդ հարցը չկար։ Հաջորդ նիստին դիմումը կքննարկենք։

-Հանրապետական կուսակցության հենասյունը համարվող օլիգարխիան կարծես քանդվում է։

-Հայաստանի Հանրապետական կուսակցության հենասյունը գաղափարախոսությունն է։ Սպասեք զարգացումների։

-Հնարավո՞ր է Հանրապետական կուսակցությունը դառնա փոքրամասնություն։

-Քաղաքականության մեջ ոչինչ մի բացառեք։ Մենք պատրաստ ենք նաև այդ սցենարին, եթե իշխանություն չենք։

-Ինչո՞ւ Հանրապետական կուսակցության պատգամավորները հայտնվեցին ԱԱԾ-ի թիրախում։

-Այդ հարցը պետք է տալ ԱԱԾ-ին։ Նախորդ իշխանությունների ժամանակ էլ բացահայտումներ եղել են։ Հիմա էլ իրենք են ստուգումներ իրականացնում։ Հարցերը, թե ինչու այս մարդկանց, ինչու հենց այս պահին, պետք է ուղղել նրանց։ Բայց ինձ թվում է՝ եթե կան չարաշահումներ, դրանց պետք է համապատասխան անդրադարձ լինի։

-Հանրապետականի դիրքերն ինչպե՞ս եք գնահատում։

-Քաղաքական առումով՝ կայուն։

-Հնարավո՞ր է ՀՀԿ-ի մյուս գործարարները ևս հայտնվեն ԱԱԾ-ի թիրախում, դուք ի՞նչ զարգացումներ եք տեսնում։

-Ես չգիտեմ այդ հարցի պատասխանը, բայց պետք է գնահատականներ տրվեն։ Եթե համատարած են ստուգումները՝ անկախ կուսակցական և քաղաքական պատկանելությունից, նորմալ ենք համարում։ Եթե միակողմանի են… չեմ ուզում քաղաքական հետապնդման մասին գնահատականներ հնչեցնել, բայց հետաքրքիր է՝ եթե այդ պատգամավորները դադարեցնեն իրենց անդամակցությունը կուսակցությանը, ստուգումները կշարունակվեն, թե՞ կդադարեն։ Եթե դադարեն , ինչ-որ բան կնշանակի։

-Այսինքն՝ քաղաքական հետապնդո՞ւմ է։

-Բնականաբար։