ԲՀԿ-ն չունի մտավախություն, թե Փաշինյանն իրենց ձայները կխլի

մայիսի 28, 2018

Հարցազրույց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ:

-Ընտրական օրենսգրքում փոփոխությունների շուրջ քննարկումներն սկսվել են: Ձեր կարծիքով՝ ի՞նչ սկզբունքային փոփոխությունները պետք է կատարել օրենսգրքում:

-Մեզ համար սկզբունքային փոփոխություն է ռեյտինգային ընտրակարգի վերացումը: Ռեյտինգայինը ընտրության ապաքաղաքական եղանակ է, ավելի շատ՝ զոռբայություն, որի արդյունքում հաղթում է թաղային հեղինակությունը: Այնպես չէ, որ մենք չունենք հասարակության մեջ հեղինակություն վայելող մարդիկ, բոլոր տարածքներում էլ ունենք, բայց, միևնույն է, պետք է ասենք, որ ռեյտինգային ընտրակարգը պայքարի քաղաքական բաղադրիչ գրեթե չի պարունակում: Ճիշտը 100 % համամասնական ընտրակարգն է: Բացի այդ, Սահմանադրության մեջ ոչինչ չկա ռեյտինգային ընտրակարգի մասին, այստեղ խոսքը բացառապես համամասնական ընտրակարգին է վերաբերում:

-ԲՀԿ-ն ռեյտինգային ընտրակարգի վերացումից չի՞ տուժի: Ի վերջո, Դուք էլ եք ասում, որ տեղերում ունեք հեղինակավոր դեմքեր, և նրանք այսօր նաև խորհրդարանում են:

-Տեղերում վստահություն վայելողները կարող են տեղ գտնել ԲՀԿ-ի ցուցակում և իրենց հեղինակությամբ նույն ձայներ բերել: Պայքարը կուսակցությունների միջև պետք է լինի գաղափարական, և ոչ թե առանձին մարդիկ՝ մեկը ասֆալտ անելով, մյուսը լավություն խոստանալով, ձայներ ստանան: Այդպես ճիշտ չէ, մենք քաղաքական մարմին ենք ձևավորում, թեպետ ԲՀԿ-ն որևէ պարագայում ընտրություններին մասնակցելու խնդիր չունի: Գագիկ Ծառուկյանը միշտ ժողովրդի կողքին է, իսկ մենք՝ պատգամավորներս, ժողովրդի հետ ամենօրյա կապի մեջ ենք ու հատ-հատ գիտենք՝ որտեղ ինչ խնդիր կա: Մենք ունենք -մեր կայուն ընտրազանգվածը: Մի մոռացեք, որ ընդամենը մեկ տարի առաջ ԲՀԿ-ն 450 հազար ընտրողի ձայն է ստացել, ինչը շատերի համար երազանք կարող է լինել:

-Դուք արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր տեսնո՞ւմ եք:

-Տեսեք՝ ստեղծվել է ոչ սահմանադրական վիճակ, Հայաստանում, փաստորեն, ընդդիմություն գոյություն չունի:

-Բայց ՀՀԿ-ն հայտարարել է, որ ընդդիմություն է:

-ՀՀԿ-ն Ազգային ժողովում դեռ քաղաքական մեծամասնություն է: Եթե ասում ենք՝ Հայաստանը Սահմանադրությամբ խորհրդարանական պետություն է, ուրեմն, իշխանությունը նախ որոշվում է խորհրդարանում ներգրավվածությամբ: ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն է, բայց կառավարության մաս չի կազմում, «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները խորհրդարանական փոքրամասնություն են, բայց կառավարություն են ձևավորել: Ստեղծվել է իրավիճակ, որի միակ լուծումը կարող է լինել արտահերթ ընտրությունը: Մենք շահագրգռված ենք, որ հիմա նոր ընտրություններ լինեն, քանի որ որևէ ուժ այսօր չի կարող վարչական ռեսուրս կիրառել, մարդիկ ազատ են, կարող են իրենց խղճով ընտրություն կատարել: Ես վստահում եմ Փաշինյանի վճռականությանը. արտահերթ ընտրությունների դեպքում նա, որպես վարչապետ, ամեն ինչ կանի, որ ընտրությունները անցնեն արդար, ազատ մթնոլորտում:

-Բայց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն օրերս հայտարարեց, որ իրենք առայժմ պատրաստվում են 2022-ի խորհրդարանական ընտրություններին:

-Իրենք մեծ դժվարությամբ կարող են համակերպվել արտահերթ ընտրություններին, որովհետև այսօր ժողովուրդը ընդգծված համակրանք ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրան շրջապատող ուժերի հանդեպ, միաժամանակ, կա բացահայտ անվստահություն՝ ՀՀԿ-ի նկատմամբ: Հասկանալով, որ արտահերթ ընտրության արդյունքում ԱԺ-ում հայտնվելու շանսերը մեծ չեն, նրանք, բնական է, չեն ուզի արտահերթ ընտրություններ, բայց չի կարող մեր կյանքը կազմակերպվել միայն մեկ կուսակցության ցանկությամբ, ինչ-որ տեղ՝ նաև կամայականությամբ:

-Բայց ՀՀԿ-ն մեծամասնություն է:

-Մեծամասնություն է Ազգային ժողովում, իսկ կառավարման համակարգում՝ ոչ: Հենց իրենց ընդունած օրենքներով ձևավորվել է առավելապես գերվարչապետական, քան պառլամենտական պետություն: Նման պայմաններում լծակները նրանց ձեռքում չեն:

-Ասում եք՝ հանրությունն ընդգծված դրական վերաբերմունք ունի Փաշինյանի նկատմամբ. չունե՞ք մտավախություն, որ արտահերթ ընտրություններում նա կարող է լուրջ մրցակից լինել ձեզ համար:

-Մենք մտավախություն չունենք, քանի որ ունենք մեր կայուն ընտրազանգվածը, հստակ ծրագիրը, քաղաքական օրակարգը: 2006 թվականից մենք ակտիվ քաղաքականության մեջ ենք, երրորդ գումարումն է, որ մենք ունենք պատկառելի ներկայացվածություն Ազգային ժողովում: Փաշինյանի ուժը, իհարկե, մրցակից կարող է լինել, բայց դա չի նշանակում, որ մեզ համար վտանգ է ներկայացնում: Իրենք ավելի շատ վտանգ են ներկայացնում քաղաքական դաշտի մյուս ուժերի համար, նրանց ձայներն են խլելու: Մենք չունենք մտավախություն, թե մեր ձայները կխլվեն: